Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հերթական հյուրն էր դարձել դերասանուհի Իրինա Այվազյանը, ով զրույցի ընթացքում խոսել էր անձնական, ընտանեկան և գործնական մի շարք թեմաներից։ StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել հետաքրքիր մանրամասները։
Իրինան վերջերս է ավարտել նկարահանումները և խոսելով այս շրջանում աշխատանքային դադարի մասին նշել էր, որ ամեն նախագծից հետո մասնագիտական սթրես է ապրում.
«Եղել է շրջան, որ նեգատիվ էներգիան շատ է ազդել ինձ վրա ու պասիվացել եմ ինստագրամում, ժամանակին էջերս եմ ապաակտիվացրել, բայց դա երևի իմ էմոցիոնալ ֆոնից է գալիս, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, ինչքան հետևորդները շատանում են, դրան զուգահեռ շատանում է թե՛ դրականը, թե՛ բացասականը»։
Իրինայի հանդեպ ոչ միանշանակ վերաբերմունք ձևավորվեց նաև նրա անձնական կյանքի պատճառով, և, խոսելով այն մասին, թե արդյո՞ք այժմ ափսոսում է, որ ժամանակին այդքան հանրային է դարձրել անձնականը, դերասանուհին նշել էր, որ հիմա ունի ափսոսանք.
«Բայց, միևնույնն է, չեմ հասկանում, թե այդ բացասական մեկնաբանությունների հոսքը որտեղից եկավ, որովհետև ես խոսել եմ 2 մարդու մասին և նորմալ է, որ աղջիկը կարող է տարբեր մարդկանց հետ շփվել։ Ես չեմ խոսում հազարավոր մարդկանց մասին, ես խոսում եմ 2-ի մասին։ Մարդիկ շատ անտակտ են դարձել, բաներ են խոսում, որոնց համար իրենք հաշվետու չեն լինում, դա ամենավատն է»։
Հանրությունը տեղյակ է Իրինայի 2 հարաբերություններից՝ Գևորգ Մկրտչյանի և Ռաֆ Հարությունյանի հետ։ Խոսելով վերջինիս հետ հարաբերությունների և բաժանման մասին՝ Իրինան նշել էր.
«Իրականում բավականին դժվար էր, որովհետև մեր բաժանման պատճառը շատ վատ պատճառ էր, և ոչ մի աղջկա չեմ ցանկանա, որ իր կողակիցը այնպիսի արտահայտություններ անի, ինչ արտահայտություններ արել է այդ պահին իմ կողակիցը։ Դժվար էր սկզբնական շրջանում, բայց հետո, երբ արդեն ժամանակ է անցնում և սկսում ես ավելի սառը գլխով դատել, հասկանում ես, որ շատ լավ է, որ այսպես է ստացվել, որովհետև, երբ սիրում ես, սիրահարված ես, չես նկատում այդ մարդու ասածը, սկսում ես իր ասածով շարժվել։ Ինքը չէր պատկերացնում իր կողքին այն տեսակի մարդ, ինչպիսին ես էի ու դա ոչ թե ներքինին էր վերաբերվում, այլ արտաքինին։ Առհասարակ, կապ չունի, աղջիկ է, թե տղա, մարդու արտաքինի հետ կապված պետք է ինչ-որ մոտեցում լինի, երբ դու արտահայտվում ես, կամ պետք է առհասարակ չարտահայտվել։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է քո կողակցին, մինչև քո ընտրելը, եթե դու իրեն տեսել ես այդպիսին, ինչի՞ համար ես ընտրել, որ հետո փոխե՞ս։ Մի տեսակ անտակտություն է, պետք չէ ոչ մեկի արտաքինի հետ կապված մեկնաբանություններ թողնել ու փորձել փոխել։ Ինքը իրեն շատ սխալ է պահել, բայց ես իրեն ներել եմ։ Արդեն չեմ կարող ասել մեծ սեր էր, թե ոչ, որովհետև էլ սեր չկա, ամեն դեպքում ես իրեն շատ սիրել եմ»,-ընդգծել էր դերասանուհին։
Ժամանակին Իրինան ասել էր, որ ինքը ընտանիքում իրեն չհասկացված է զգում։ Զրույցի ընթացքում դերասանուհին նշեց՝ այս տարիների ընթացքում հասկացել է՝ դա իրենից է եղել.
«Ես շատ փակ մարդ եմ, անտանելի։ Իսկ առաջ ես այդ ամենը շատ դժվարությամբ էի գիտակցում, որ դիմացինը կարող է ինձ չհասկանալ, որովհետև ինձ համար ես շատ պարզ էի խոսում»։
Իրինայի եղբայրը 44-օրյա պատերազմի ընթացքում եղել է այն անհետ կորած համարվող 6 զինվորներից մեկը, ովքեր 72 օր թշնամու տիրապետության տակ մնացած անտառներում են եղել ու կարողացել են փրկվել։ Խոսելով այդ շրջանում իրենց հոգեվիճակի և ապրումների մասին՝ դերասանուհին ասել էր.
«Այդ ժամանակահատվածում ես ընդհանրապես կորստի մասին չեմ մտածել, այդ ամենը տեղի ունեցավ, երևի թե, գտնվելուց հետո»։
Իրինայի և երգիչ Գևորգ Մկրտչյանի հարաբերությունները քննարկվում են մինչև այսօր, և անգամ բաժանումից հետո տպավորություն էր, թե նրանք պահպանել են ջերմ հարաբերություններ, Գևորգի նշանածը՝ Քրիստինա Հովհաննիսյանը նույնպես ջերմ հարաբերությունների մեջ էր Իրինայի հետ, սակայն վերջին շրջանում նրանք դադարել են հետևել իրար սոցիալական էջերում և, այդ թեմային անդրադառնալով, Իրինան նշել էր.
«Ես հիմա չգիտեմ իրավունք ունեմ խոսելու Գևորգի մասին և, առհասարակ, այդ իրավիճակի, քանի որ ինչպես հասկանում եմ Գևորգը այլևս չի ուզում, որ մեր անունները կապեն իրար, բնականաբար, ես էլ չեմ ուզում, բայց պետք է հասկանալ, որ եթե երկուսդ էլ հանրային մարդ եք, այդ թեման կարող է անվերջ շոշափվել։ Ես եմ ավելի շատ որոշել, որ պետք է կապ չունենանք, որովհետև իմ կարծիքով իմ հանդեպ սխալ քայլ եղավ իրենց կողմից։ Ու ես մտածեցի՝ եթե կարող են այդ քայլը անել ու նման արտահայտություն անել, երբ ես մեկնաբանություն ուզեցի այդ քայլին՝ մտածեցի ավելի լավ է, որ բացարձակ կապ չունենանք։ Մեր դուետի մասին է խոսքը։ Մենք դուետ ունեինք, որը նաև իմ երգն է փաստացի։ Ես, առհասարակ գիտակցում եմ, որ եթե Գևորգի կողքին մարդ կա, մեր անունը պետք է իրար կողք չդրվի կամ մաղենք այդ թեման, բայց գործնական առումով ես միշտ Գևորգի կողմից ստացել եմ «գործնականը մնում է գործնական» արտահայտությունը, եթե դուետով կարող ենք երգել ու գումար վաստակել՝ կանենք։ Բայց ես անընդհատ հոլովակներ եմ ստանում, որ մեր դուետը երգում է ուրիշ մարդ ու ձայնագրված տարբերակով, եթե չեմ սխալվում։ Ինձ համար նորմալ չէր, որ Գևորգն ու Արմանը չէին զգուշացրել, որ նման բան է լինելու, շատ տգեղ էր։ Ու պատասխան եմ ստանում՝ քանի որ արդեն կողակից ունի, պետք չի, որ ձեր անունները իրար կողք լինի։ Ու ես մտածում եմ, եթե ամբողջ խնդիրը հենց դա է՝ իզուր է, որ մենք հարցազրույցների ժամանակ ատում ենք, որ լավ հարաբերությունների մեջ ենք, բայց արդյունքում դուրս է գալիս ուրիշ բան։ Վիրավորված եմ զուտ մարդկային տեսանկյունից»,- ընդգծել էր դերասանուհին։