Մհեր Բաղդասարյանի Tete a Tete հաղորդման հերթական հյուրն էր դարձել ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, դերասան Լևոն Շարաֆյանը։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։
Լևոն Շարաֆյանը զրույցի ընթացքում խոսել էր ԱՄՆ տեղափոխվելու պատճառների մասին՝ ընդգծելով, որ դա իր համար ծանր թեմա է.
«Ես գրին քարտ շահեցի ու մոտ մեկ տարի չէի կարողանում որոշում կայացնել, մտածում էի՝ ոնց թողնեմ թատրոնը, 11 ներկայացման մեջ զբաղված էի ու մեկ տարի տառապանքի մեջ էի, մինչև Զատիկի օրը իմ տան լույսը կտրեցին, փողը չէինք տվել, փող չկար։ Գրպանումս փող չկար ոչ մի կոպեկ, հացի փող էլ չկար։ Այդ օրը կնոջս հետ մի շիշ օղի խմեցինք ու որոշեցինք, որ գործին պետք է ընթացք տանք։ Արմեն Խանդիկյանին ասացի՝ ինձ համար չեմ գնում, երեխայիս՝ Միկայի ապագայի համար եմ գնում, 15 տարեկան էր Միկան։ Մի 2,3,4 տարի դնում իմ վերջին ներկայացման ձայնագրությունը նայում էի ու աչքերիցս թափում էր։ Ինձ չէի գտնում՝ որտեղ, ինչ»։
Սկզբնական շրջանում Լևոն Շարաֆյանը ԱՄՆ-ում աշխատել է անվտանգության համակարգում՝ որպես պահակ, դռնեդուռ ընկած փոշեկուլ է վաճառել.
«Ամոթ բան չի, ես ընտանիքիս համար էի անում, սպասեի, ո՞վ էր ինձ գումար տալու, ճիշտը դա էր, պետք է աշխատես, ամոթ բան չի դա։ Ես գիշերվա 10-ից մինչև 6-ն էի աշխատում, որովհետև ցերեկները մեկ-մեկ ներկայացումներ էինք անում։ Ես չեմ դժգոհում իմ կյանքից, շատ մարդկանց հետ շփվեցի, իմ լեզուն մի քիչ շտկվեց։ Ես երջանիկ եմ, որ էս երկրում եմ, ես սիրեցի Ամերիկան, սիրեցի Գլենդելը, սիրտս ուրիշ ոչ մի տեղ չի մնում»։