Երեկ Արամ Խաչատրյանի անվան Մեծ համերգասրահում հույզերի տեղատարափ էր։ Առաջին անգամ Հայաստանում կայացավ յուրահատուկ ձևաչափով «Եռալեգենդ երեկո» համերգը։
StarNews.am-ը՝որպես ինֆորմացիոն հովանավոր, ներկա էր համերգին, որի մասին կպատմենք հաջորդիվ:
Սթիվի Ուանդերի, Սելին Դիոնի ու Ուիթնի Հյուսթոնի ամենասիրված ստեղծագործությունները հնչեցին Արամ MP3-ի, Գոռ Սուջյանի, Սրբուկի, Սյուզաննա Մելքոնյանի, Սեդա Սեյրանյանի, Մարկ Հայրապետյանի ու Մադլենի յուրօրինակ մատուցմամբ։
Էստրադային երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը իր պրոֆեսիոնալ հնչողությամբ ամբողջացնում էր դահլիճում տիրող անզուգական մթնոլորտը։
Համերգի ընթացքում հանդիսատեսը անդադար ծափահարություններով արձագանքում էր արտիստների կատարումներին և ցույց տալիս, որ երկար սպասված «Եռալեգենդ երեկոն» իսկապես ստացված էր։
Նախքան համերգի մեկնարկը StarNews-ի հետ զրույցում Արամ MP3-ն նշեց, որ բավականին պարտավորեցնող է նման համերգներին ելույթ ունենալ, քանի որ մեծ է պատասխանատվության զգացումը՝ կատարել արդեն իսկ հանրահայտ արտիստների հիթերը։
Արամ MP3-ն իր ելույթից առաջ նաև հետաքրքիր պատմություն պատմեց՝ իր և աշխարհահռչակ Սթիվի Ուանդերի հանդիպումից՝ դահլիճում ստեղծելով առավել ջերմ և մտերմիկ մթնոլորտ։
Գոռ Սուջյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ նման համերգները հնարավորություն են տալիս ևս մեկ անգամ ցույց տալ, որ հայ արտիստներն էլ իրենց տաղանդով չեն զիջում արտասահմանյան արտիստներին։
Սրբուկի խոսքով էլ՝ նման համերգները իր համար մեծ կարևորություն ունեն, քանի որ որակյալ և բարձր ճաշակի երաժշտությունը առավել լայն տարածում կստանա։
Իսկ ահա Էստրադային սիմֆոնիկ երիտասարդական նվագախմբի հիմնադիր Մարկ Հայրապետյանի հետ զրուցեցինք արդեն համերգի վերջում ու ինչպես ինքն էր նշում՝ աննկարագրելի էմոցիաներ ունի։ Ամիսների ահռելի աշխատանքը, ի վերջո, տվեց իր արդյունքները. հանդիսատեսը իր հետ տարավ միայն դրական էմոցիաներ ու ջերմ ակնթարթներ։
Տեսանյութը`քիչ անց