Բարձս վերցնում եմ, առանձին քնում.Ծովինար Մարտիրոսյանը`ամուսնու հետ խնդիրների մասին

  • Oct 20, 2023

Օրեր առաջ StarNews-ը դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանի և հայրիկի մասնակցությամբ հուզիչ հոլովակ էր ներկայացրել. Դերասանուհին ու հայրը հանդիպել էին 16 տարվա բաժանումից հետո։

Ծովինարը հյուրընկալվել է Ամալյա Հովհաննիսյանի Look and Face նախագծին ու մի շարք այլ թեմաների հետ միասին խոսել է նաև իր համար կարևոր այդ հանդիպման մասին։ StarNews-ը ներկայացնում է հետաքրքիր հատվածները։

«Դա բառերով նկարագրել չեմ կարող, շատ-շատ էի կարոտել, այդ հանդիպումը շոկային էր, փաթաթվեցինք իրար ջերմ, բայց կողքից, որ նայեցի, ուզում էի հասկանալ իսկապես ինքն է։ Մենք մի քանի օր միասին անցկացրինք, 3-4 օր, որովհետև ինքն էլ գործեր ուներ, ես ներկայացումներ ունեի, ես իրեն գրկեցի ու այդ 16 տարվա ջերմությունը, որ չէի զգացել՝ զգացի։ Իրականությունը ավելի լավն էր, ճիշտ ու էմոցիոնալ։ Մենք միշտ կապի մեջ ենք եղել զանգերով, բայց, երբ դու զգում ես քո պապայի ջերմությունը, երբ ինքը քեզ գրկում է, քո թիկունքն է, դա ուրիշ զգացողություն է, վաղուց չէի ունեցել։ Մենք համարյա ոչինչ չենք խոսել, ուղղակի գրկել ենք իրար, զբոսնել ենք։ Երբ իմ կյանքում կարևոր բան է տեղի ունենում նա իմանում է այդ մասին, որովհետև ես զանգում եմ նրան, նա էլ է ինձ զանգում։ Նա միշտ իմ կողքին եղել է, բայց հեռվում, կարոտը շատ էր։ Երբ գրկեցի նրան, ասես փոքրիկ Ծովիկը լինեի։ Ընկերներս էլ էին հուզվել։ Կարոտը ամենավատ զգացումն է, երբ մարդը կա, բայց չես կարող նրան տեսնել։ Այդ զգացողությունը սկսվեց պապայից, բայց շատ կարոտում եմ տատիկիս, ով ինձ պահել-մեծացրել է։ Վերջին շրջանում իրեն շատ եմ հիշում։ Ես ընդհանրապես չեմ սիրում կարոտը։ Բայց եթե մարդը կողքիդ է ու կարոտում ես նրան, դա և՛ քո խնդիրն է, և՛ նրա ու պետք է կոտրել այդ պատնեշը»։

Ծովինարը հայտնել էր նաև, որ հայրը չի կարող լքել ՌԴ-ն, սակայն նշել էր՝ շատ մանրամասներ չի կարող հայտնել.

«Երբ կարողանա անպայման կգա Հայաստան, իր թոռնիկներին կտեսնի և մենք միասին ժամանակ կանցկացնենք։ Անրիին տեսել է հենց ծնվելու օրը, տեսավ թոռնիկին, համբուրեց ու գնաց»։

Դերասանուհին նաև խոստովանել էր՝ իր մանկությունն ու ինքնապաշպանական բնազդը իր հետ բերել է հասուն կյանք.

«Ես մանկուց սովորել եմ մենակ լինել, տան մեջ չեմ ունեցել քույր-եղբայր, աղմքւկ-աղաղակ չի եղել։ Ես սովորել եմ մենակության մեջ ունենալ իմ աշխարհը, երբեք ինքս ինձ հետ չեմ ձանձրանում, որովհետև այնքան բան կա մանկությունից մտորելու, հիշելու։ Երբ շատ հոգնում եմ՝ հնարավոր է փակվեմ սենյակում ու մենակ մնամ, ամուսինս, երեխաներս դա հասկանում են։ Ես հոգեպես մենակ չեմ, կարող եմ խոսել Աստծո հետ, կամ այն մարդու հետ, ով այդ պահին այդտեղ չէ։ Ես շատ ուժեղ ինտուիցիա ունեմ, կարող եմ զգալ, օրինակ, որ այս մարդը այս պահին լավ չէ։ Ընդհանրապես համարձակ մարդ եմ, համարձակ կարող հմ խոսել՝ չմտածելով, որ հետո կարող է վատ լինել ինձ համար, համարձակ կարող եմ իմ կարծիքը հայտնել, կարող եմ պայքարել անարդարության դեմ։ Վախկոտ եմ այն պահերին, երբ հասկանում եմ, որ ոչինչ չեմ կարող անել, երբ հասկանում ես, որ ձեռքերդ կոտրված են՝ օրինակ՝ երկրի հարցում, գլոբալ առումներով։ Վախենում եմ Աստծուց ու վերջ։ Այսինքն եթե այդ լուծումը դուր չգա նրան, ով ինձ կյանք է տվել ու դա կարող է անդրադառնալ զավակներիս վրա, ես այդ լուծմանը չեմ գնա։ Ես զգում եմ, երբ սխալվում եմ ու կարող եմ ներողություն խնդրել»։

Խոսելով իր և ամուսնու՝ դերասան Նարեկ Հայկազյանի հարաբերությունների մասին՝ Ծովինարն ասել էր, որ արդեն վաղուց իրարից ներողություն խնդրելու կարիք չունեն.

«Դա երիտասարդ ժամանակ էր, հիմա ավելի զուսպ ենք, հասկանում ենք իրար։ Մենք իրար շատ լավ ենք ճանաչում։ Եթե անտրամադիր եմ Նարեկը անմիջապես զգում է ու փորձում է հետ բերել իմ լավ տրամադրությունը, ես էլ եմ զգում։ Իսկ եթե մենք ենք միմյանց անտրամադիր լինելու պատճառը, փակվում ենմ առանձին սենյակներում, հետո սուրճ ենք խմում ու անցնում ենք։ Մենք նկարահանման հրապարակում ու թատրոնում կոլեգաներ ենք, ամուսիններ ենք՝ տանը, դրսում և այլն։ Ինքը ինձ բեմում շատ է սիրում, իմ պրեմիերաներին միշտ ծաղիկներով է։ Միշտ ընդունում եմ իր խորհուրդները։ Ինքը գիտի, երբ ինձ խորհուրդ տա, երբ մոլորվում եմ։ Եթե ինքը ասաց չէ, դա չի փոխվելու ու չեմ անում։ Ես լսող աղջիկ եմ, կարծում եմ՝ վիճելու կարիք չկա։ Դա կանացի խորամանկություն է, խորագիտություն է։ Ես ունեմ կապրիզներ ու կարողանում եմ դրանք արտահայտել, բայց ես լսում եմ Նարեկին։ Կարող եմ շատ լացկան լինել, կարող եմ բարձս վերցնել, գնալ ուրիշ տեղ քնել, մի քիչ կոպիտ հետ խոսի՝ լաց լինեմ։ Նույնիսկ իմ մեծ տղան կարող է ինձ «մամ ջան» չասի ու ես լաց լինեմ, վերջին շրջանում շատ լացկան եմ դարձել։ Փաղաքշական էմոցիաների կարիք ունեմ հիմա»։

Դերասանուհին նաև խոստովանել էր, որ ամուսնության սկզբնական փուլում, Նարեկն իրեն արգելել է աշխատել ու ինքը լսել է նրան.

«Դեռ վստահություն չկար, չկազմավորված երկու երիտասարդ մարդիկ էինք։ Շատ դեպրեսիվ վիճակներ էին, չէի հասկանում ինքս ինձ։ Ընտանեկան կարգավիճակի փոփոխությունը ինձ սթրեսային տրվեց ու այդպես շարունակվեց, մինչև բալիկը ծնվեց ու հասկացանք, որ ոչ միաայն պատասխանատու ենք իրար համար, այլև՝ փոքրիկի։ Շատ դեպքերում ինձ օգնում էր սկեսուրս խորհուրդներով։ Ես շատ բաց մարդ եմ եղել, հետո փակվեցի։ Որպես այդպիսին իրար հետ խնդիրներ չենք ունեցել, փոփոխությունների շրջան էր։ Հնարավոր է՝ ինքնավստահ ու համարձակ մարդու տպավորություն թողնեմ, բայց ես գիտեմ իմ ուժերը չափը, ինչ-որ տեղ էլ կասկածում եմ իմ ուժերի վրա։ Ես Նարեկին գոհացնելու համար ոչինչ չեմ անում, ամեն ինչ անում եմ ինձ համար։

Հաղորդման ընթացքում Ամալյան նշել էր նաև, որ Ծովինարին հաճախ են մեղադրում ֆոտոշոփը չարաշահելու մեջ, վերջինս էլ ասել էր՝ «ճիշտ են անում»։

«Եթե նկարիչը պրոֆեսիոնալ նկարում է ու հետո քեզ նկար է ուղարկում՝ մշակած, ի՞նչ անեմ մշակումը հանեմ կնճիռներ ավելացնեմ։ Բան չասեցի, լավ եմ անում օգտվում եմ։ Ես ոչ մի բան չեմ արել իմ վրա, բայց եթե պահը գա կանեմ, ես դրան դեմ չեմ, համենայն դեպս, շուրթերս հաստ են, մեծ են, չեմ պատրաստվում մեծացնել, քիթս այդքան էլ մեծ չի, չեմ պատրաստվում փոքրացնեմ։ Ամբողջ նկարներս ֆոտոշոփված չի»։

Մեկնաբանություն

Որոնում