Շուշան Պետրոսյանը՝ որդու ինքնասպшնության լուրերի մասին. Բացառիկ

Join Telegram
  • Oct 23, 2023

Մհեր Բաղդասարյանի Tete a Tete հաղորդման հերթական հյուրն էր դարձել ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանը, ով իր խոսքում անդրադարձել էր ամենատարբեր թեմաների։ StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել կարևոր մանրամասները։

Երգչուհին հարցազրույցի սկզբում նշել էր, որ այս ընթացքում չխենթանալու իր բանաձևը սերն ու կարեկցանքը, արժանապատվությունը և անդավաճան լինելը, գերագույն արժեք հայրենիքը համարելն է.

«Հենց այս սկզբունքով և բանաձևով է, որ ես ապրում եմ»։

Մհերն ընդգծել էր, որ այս ընթացքում հանրության մի լայն զանգված Շուշան Պետրոսյանի սերը առ Արցախ և հայրենիք կապում են նրա քաղաքական հայացքների հետ, երգչուհին էլ պատասխանել էր.

«Երբեք չեմ մտածել, որ հայրենիքը սիրելը կապված է քաղաքական նախընտրության հետ, դա տգետ մոտեցում է, դա սահմանափակ է և սեփական թռիչքից այն կողմ չտեսնող մարդու մոտեցում է, որովհետև ես նախևառաջ քաղաքացի եմ՝ անկախ իմ կուսակցական նախընտրություններից, որի հիմքում Գարեգին Նժդեհն է, որը հենց հայրենիք է և հայրենասիրություն։ Ուզում եմ հասկանալ՝ այդ սահմանափակ մտածելակերպը ոնց կարող է կարծիք հայտնել և բարձրաձայնել այդ կարծիքը, մոտիվացնել ու մասսաներում ազդեցություն ունենալ։ Դա ինձ համար ողբերգություն է, տգիտությունը ինձ համար ողբերգություն է, իսկ ես այնքան եմ սիրում հային ու հայրենիքս, որ կուզեի ավելի խոհեմ և խելացի լիներ հայը»։

Ժամանակին բանակի հիմներգը՝ «Երազի իմ երկիր հայրենի»-ն կատարում էին Շուշան Պետրոսյանն ու երջանկահիշատակ Հայկոն և խոսելով այդ տարիների մասին երգչուհին ասել էր.

«Բանակի հիմներգը ստեղծվել է ավելի վաղ՝ 94 թվականի մայիսի 28-ին՝ զինադադար հաստատվելուց մի քանի օր հետո։ Մեր հաղթանակած բանակը, գեներալները, Վազգեն Սարգսյանը, Արցախի նախագահը, բոլորը միասին նշում էին և մենք հրավիրված էինք Սևան, որտեղ մեր հաղթանակն էին նշում և պետք է կատարեինք լուսահոգի մաեստրո Արթուր Գրիգորյանի երգերի ծաղկաբույլը, որի վերջին երգը «Երազի իմ երկիր» հայրենի երգն էր, որը բոլորիս հայտնի էր «Հայրիկ» ֆիլմից։ Ներկայացումը երբ ավարտվեց Սպարապետն ասաց՝ մի հատ էլ երգեք երեխեք։ Էլի երգեցինք՝ 4 անգամ երգեցինք ու երբ գնացինք ընդմիջման՝ սուրճ խմելու կողքի սենյակում, Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վազգենը մտան սենյակ, ու այսպես կրակոտ աչքերով ասաց՝ ես հենց նոր նախագահին ասացի, որ այս երգը պետք է լինի մեր հաղթանակած բանակի հիմնը։ Ես չգիտեմ, թե ինչու ընտրությունը եղավ իմ և Հայկոյի վրա, ինչու մեզ ընտրեցին, բայց Հրաչը Քեշիշյան զանգեց և գնացինք։ Այնպես չէ, որ հանկարծ դառնում ես քրիստոնյա կամ հանկարծ դառնում ես հայրենասեր։ Ես ինչքան ինձ հիշում եմ բոլոր կիրակի օրերին մայրիկիս հետ պատարագներին ներկա եմ եղել։ 8 տարի շարունակ ես մի գաղափար ունեի ու դիմեցի այն ժամանակվա Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին, որ ուզում եմ երեխաների՝ տղաների ոգին բարձր պահելու համար համերգային ծրագիր անեմ սահմանամերձ զորամասերում, ասաց՝ հրաշալի ծրագիր է և 8 տարի շարունակ այդ ծրագիրը գործել է։ Պայմանս էր, որ ոչ ոք կոմֆորտ չակընկալի, դա ՊՆ-ի ավտոբուսն է և սկսվեց մեր գործունեությունը, ինձ միացան արտիստներ՝ Հասմիկը Կարապետյան, Տիգրան Պետրոսյանը, Ավետ Բարսեղյանը վարում էր համերգները, Արամոն և Էմման, Ֆորշը, Արսեն Սաֆարյանը միացան ինձ։ Սա թիմ էր, որ գնում և երգում էինք Կուբաթլի, Ջաբրայիլ, Ֆիզուլի, Մարտակերտ, Թալիշ, Եղնիկներ։ Ես ձևի համար չեմ սիրում, այն ինչ իմն է, չսիրել չեմ կարող։ Ու՞ր են բոլորը հիմա, թե երբ որ թեման ակտուալ է լավ է փող աշխատելու համար նման երգեր երգել։ Արձագանք եմ սպասում մտավորականությունից, հատուկենտ մարդիկ են, որ գիտակցում են ողբերգությունը։ Ես չեմ սիրում ելույթ ունենալ։ Ես սիրում եմ աշխատել։ Ի՞նչ պիտի ասեմ, որ չգիտեն։ Գիտակից մասը իմ կողքին է, մենք փորձում ենք լուծել խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, որովհետև Արցախը Հայաստան է, արցախցին հայ է և որևէ մեկը, եթե հակառակն է հակառակն է արտահայտվում, իմ անձնական թշնամին է։ Ես ինձ անպաշտան չեմ զգում, որովհետև բոլոր մարդիկ Աստծո հետ գործ են ունենալու, ինձ առհասարակ ամենադժվար պահերին Աստծո ներկայությունն է օգնել իմ հոգում և հավատքը, որ պետականություն չենք ունեցել, բայց մեր եկեղեցին հավաքել է իր շուրջ հայերին։ Ես ի՞նչ պատասխան եմ այդ քարկոծողներին։ Այդ հայհոյող կանանց, հայհոյող տղամարդկանց, հո ես իրենց հետ նույն հարթակում չեմ կարող լինել, ես միայն խղճահարություն ունեմ, որովհետև միայն չար և չկայացած մարդը կարող է նման արձագանք տալ և միայն չկայացած մարդը, որը ծեծված է եղել փոքր ժամանակ կարող է կեղծ նկարներով զազրախոսել, յուրաքանչյուր ասածիս համար պատասխան եմ տվել, այսպես հեշտ է ապրելը, թող իրենք մտածեն։ Պիտի գտնել, թե ովքեր են հեղինակը և պիտի պատժել։ Այսօրվա համակարգում պատիժ նրանք չեն ստանա, հակառակը՝ կխրախուսվեն, դրա համար պիտի սպասենք, որ վերածնվի Հայաստանը։ Ես մեկ վայրկյան եթե հետ կանգնեմ այս գաղափարից, ես ապրող չեմ, իսկ ես հավատում եմ, որ բարին հաղթելու է։ Ես գիտեմ, որ մի շատ մեծ խնդիր կա, դա համատարած տգիտությունն է, ոչ միայն այստեղ, այլև՝ Սփյուռքում»։

Շուշան Պետրոսյանն անդրադարձել էր նաև իր՝ պատգամավոր դառնալու և դրան հաջորդող քննադատություններին.

«Առաջին հարվածները եղան, երբ նոր պատգամավոր էի դարձել, առաջին երկու տարին պատասխանում էի։ Նույնիսկ նախկին ամուսինս քանի անգամ ժամադրել է դրանց։ Երբ այն ժամանակ զազրախոսում էին ու ես պատասխանում էի, ինձ ասում էին մի պատասխանիր, ընդ որում՝ մեդիայի վարպետները։ Բայց պետք է բոլորս պատասխանեինք, որովհետև այդ տգետ շերտը իսկապես կարևորում էր իր ասածը և կարծում էր, որ ինքը հաղթեց։ Իհա՛րկե իրենք ի սկզբանե պարտված են։ Համաշխարհային քաղաքական դաշտում միշտ էլ եղել են ծաղրանկարներ, բայց որ կնոջ գիրության մասին տղամարդը խոսի ու ծաղրանկարներ անի, սա այնքան էժան, այնքան ցածրորակ է։ Ես իմ երկրին բացի սիրուց ու պատվից բացի ու երկրացուս ուրիշ ոչինչ չեմ տվել։ Ես չեմ պատրաստվում փոխվել։ Ինձ մեղադրում են չարության մեջ մարդիկ, ովքեր այնքան չար տեքստեր են գրում, ես հիմնականում իրենց ծաղիկներ եմ ուղարկում, այլ կերպ չեմ կարող։ Համաձայնեցի դառնալ պատգամավոր, որովհետև տիրապետում եմ ոլորտին, գիտեմ արվեստ, թե ինչպես է երգարվեստս բոլորի առջև է, Գեղարվեստի ակադեմիան ավարտել եմ շատ լավ դիպլոմով, մեծացել եմ մի միջավայրում, ուր միայն արվեստ է եղել, գիտեի կինոն, թատրոնը, բոլոր պրեմիերաներին ներկա էի։ Առաջին անգամ, երբ ինձ առաջարկվեց, ես մերժեցի ի դեպ, հյուրախաղերս շատ շատ էին, երկրորդ անգամ, երբ խնդիրներ շատ կային՝ համաձայնեցի ու դարձա և վատ պատգամավոր չեմ եղել, այն ինչ-որ ներկայացնում էին և այն կերպարը, որ ստեղծել էին, դա կարծիք էր, իմացողը գիտի, որ մտածում եմ ինչեր ենք թողել թուրքերին սիրտս կանգնում է։ Երկիր ենք թողել, ողնաշարն ենք թողել հայրենիքիս։ Իմ գիտելիքները պետք էին, որ շատ հարցեր բարձրաձայնվեին, լուծվեին։ Հարցեր կան, որ լուծվել են։ Ես ավելի շատ էի վաստակում, երբ որ հյուրախաղերի էի գնում, ապրում եմ նույն տանը, որտեղ ապրել եմ 99 թվականից, աշխատավարձիս 1/3 մասը գնում էր ծրագրերիս իրագործմանը»։

Շուշան Պետրոսյանը 2 որդի ունի ու խոսել էր նաև այն մասին, թե ինչպես են երեխաներն արձագանքում իր հասցեին հնչող բացասական կարծիքներին.

«Մեծս ինձ շատ օգնեց 18 թվին մի նախադասությամբ։ Ինձ գրկեց ու ասաց՝ մամ բայց մենք գիտենք չէ՞, որ այդպես չի։ Ես էլ գրկեցի իրեն ու լաց եղա։ Այնքան շնորհակալ եմ իրենց, երկուսն էլ շատ գիտակից, շատ ճիշտ, տակտով այդ ամեն ինչը կողքիս անցան։ Լուրեր էին գցել, թե մեծս ինքնասպան է եղել ու ամոթից ինձնից հեռու է ապրում, շատ դաժան բաներ են։ Փոքրս ֆեյսբուքյան էջ ուներ, մի նամակ էր եկել, թե ոնց էր մի կին սպառնում երեխայիս»։

Երգչուհու համար առանձնապես ծանր է եղել Մարտակերտի կորուստը ու այդ մասին խոսելիս ընդգծել էր.

«Որպեսզի ռեակցիան լիներ լիարժեք, ես պիտի չանցնեի այն բոլոր փորձությունները, որոնք անցել եմ։ Ես ինձ անջատել եմ և այնքան եմ ծանրաբեռնել գործով ու աշխատանքով, որ չհասկանամ, չգըտակցեմ այն, ինչ-որ կա, բայց այդ պահին սարսափելի վիճակ էր, արյունը գնաց ուղղակի մեջիցս, եղավ այն, ինչ 18 թվին ասում էի, մի հատ բառ՝ Արցախս։ Երբ ներկայիս անհայրենիք իշխանությունը եկավ իշխանության, առաջին բառը, որ արտասանել եմ դա է եղել։ Ես հասկացա, իր խաղաքարտը Արցախն է։ Հայաստանն Ավետյաց երկիր է։ Արցախում այնպիսի աստվածային հրաշքներ պարունակող կետեր կան, որ էլի հետ է գալու Արցախը։ Աստծո հետ խաղ մի՛ արեք, չգիտեք՝ ինչի հետ գործ ունեք։ Չարը չի կարող հարատևել, եթե չարը հարատևեց երկրագունդը ուղեծրից դուրս կգա։ Աստծուն չհավատալով, Աստծուց հեռանալով երկիրը հանձնեցին։ Ամեն ինչ այնքան են արժեզրկել, անգամ հայրենասիրություն բառը։ Այդ հողը արյունով է հագեցած, ծնողը, երբ երեխա է կորցնում ամեն ինչ կարող է ասել, բայց որ այդ հողը ավելի է թանկանում միանշանակ է»։

Մեկնաբանություն

Որոնում