MediaHub-ի տաղավարում երգիչներ Արա և Ալիկ Ավետիսյաններն են եղել: Զրույցին հետևել է StarNews-ն ու առանձնացրել հետաքրքիր մտքերը:
Եղբայրները պատմեցին համավարակի ընթացքում իրենց տարածած երգի, գրանցած աննախադեպ հաջողության և անսպասելի զարգացումների մասին:
Նրանց խոսքով`Էրիկի «Ոչ ավել, ոչ պակաս երգը» ընտրվել է շատ պատահական, անգամ «առանց իրենց ցանկության»:
Պատմությունը հետևյալն է եղել: Մեկ անգամ, եղբայրներից մեկի կինն է առաջարկել այդ երգը փորձել ամուսնուն, ով կտրականապես մերժել է, սակայն կնոջը ստացվել է համոզել:
«Ասեցի չէ: Մերը չի էլի,եղել ա որ էդ երգը լսել ենք, ասել ենք անցնենք, ոնց ասենք, սենց զզվանք չէ, ուղղակի մեր ոճը չէր, մերը չէր, եղելա, որ տանը մեր հարսիկներն էդ երգը դրել են, ասել ենք փոխեք, ոչ թե որ ինչ որ բան, այլ մեր տեմբրը չէր»,- նշեցին Ավետիսյան եղբայրները:
Նրանց խոսքով`իրենք անգամ երգի բառերը չեն իմացել և Աստծո շնորհիվ է ստացվել այն, ինչ ստացվել է: Շատ արագ մեքենայի մեջ իրականացրել են նկարահանումը:
«Երբ տեղադրեցինք յութուբյան ալիքում, կարճ ժամանակ անց մեկնաբանություններ, մեծ քանակով դիտումներ կային: Տարածում էին էջերում մարդիկ, չէինք հասկանում`ինչա կատարվում»,- նշեցին նրանք:
Եղբայրները նաև անդրադարձան այն լուրերին, որ իրենց և Էրիկի միջև խնդիրներ է առաջացել: Բուն հեղինակի դիտումները 10 անգամ ավելի քիչ էին, քան եղբայրներինը:
Սակայն ինչպես նշեցին Ավետիսյան եղբայրները`Էրիկը նշել է, որ որևէ վատ բան չի տեսնում, որևէ բողոքարկում չի անելու յութուբյան ալիքում, չնայած որ տղաները չեն զգուշացրել տեղադրելուց և քավր տարբերակով ներկայանալուց առաջ:
Այնուամենայնիվ`ինչպես իրենք են նշում, իրենք նայում են նաև մեդալի հակառակ կողմը, և հասկանում, որ միգուցե այնքան էլ հաճելի չէ, երբ ունենում ես երգ, որի քավր տարբերակն առավել շատ դիտումներ է գրանցում:
Արա և Ալիկ Ավետիսյաններն, ովքեր իրենց քայլերը սկսել են Սիսիանից, ռեստորանային երգիչներ լինելով, միանգամից այդչափ հայտնիություն ստանալով` չեն նկատում գլոբալ փոփոխություն իրենք իրենց մեջ: