EXCLUSIVE. Մղվում ես 3-րդ, 4-րդ պլան… Մերի Մակարյանը`մայրության, ամուսնու խանդի և Հայաստանի կարոտի մասին

  • Sep 20, 2024

Հաղորդավարուհի և դերասանուհի Մերի Մակարյանը երկար տարիներ է, որ  հանրությանը հայտնի է և չնայած իր մարմնավորած բացասական դերերին` նա մնում է սիրելի և հետաքրքիր բոլորի համար: 

Այժմ Մերի Մակարյանը հեռուստատեսային նախագծերում չի նկարահանվում, սակայն մեծ ակտիվությամբ վարում է իր միկրոբլոգը` այնտեղ ներկայացնելով իր և իր ընտանիքի առօրյան: 

StarNews-ը հաճախ է անդրադառնում  դերասանուհու կյանքում տեղի ունեցող տարբեր իրադարձություններին և  բացառիկ կերպով ներկայացնում դրանք Ձեզ : 

Մերի Մակարյանն այս անգամ հետաքրքիր մանրամասներ է փոխանցել StarNews-ին` պատասխանելով մեր մի քանի հարցերին

 – Ինչպե՞ս փոխվեց Ձեր կյանքը նախ ամուսնությունից և հետո արդեն երեխաների լույս աշխարհ գալուց հետո։ 

– Կյանքս փոխվեց միանգամից, որովհետև ես նշանադրությունից հետո միանգամից տեղափոխվեցի ԱՄՆ ու սկսեցի ապրել բոլորովին այլ կյանքով, որի մասին չէի էլ պատկերացնում:Լրիվ ուրիշ աշխարհ էր` օտար մարդիկ, բացի իհարկե նորաստեղծ ընտանիքիցս: Ամեն բան լրիվ ուրիշ էր, որի հետ շատ դժվար էր համակերպվելը և որի համար թերևս հարկավոր էին տարիներ, բայց որ փոխվեց ու ավելի հանգիստ, լռակյաց ու նստակյաց կյանքով սկսեցի ապրել` դա հաստատ էր, ինչին էլ ես տարիներ շարունակ ձգտում էին: Իսկ երեխաներից հետո ամեն բան այլ ուղղությամբ փոխվեց, որովհետև սա արդեն լրիվ ուրիշ կյանք է` դու սկսում ես ապրել երեխաների առօրյայով , երեխաների համար և ինչպես նրանց է հարմար: Դրա համար իմ տեսակի մայրիկի համար մի փոքր սեփական կյանքը երկրորդ պլան է մղվում, եթե ոչ երրորդ կամ չորորդ, որովհետև պատասխանատվությունը այնքան շատ է, որ պիտի դուրս գաս այդ հոգսերի տակից: Միևնույն ժամանակ` էնքան սեր ու ջերմություն եմ ստանում երեխաններից, որ էդ հոգսերը և հոգնածությունը դառնում են առ ոչինչ, ու ես երեկոյան երեխաներիս գրկելով մոռանում եմ ամեն բան: Ուզում ես ամեն բան հասցնել, ուզում ես նրանց օրն էլ հագեցած դարձնել, որպեսզի կուշտ լինեն, շնչեն մաքուր օդ,  մոտ լինեն հայկական մշակույթին և հայեցի դաստիարակվեն:

– Հե՞շտ է արդյոք Ձեր ամուսնու համար ամենացանկալի դերասանուհիներից  մեկի կողքին  լինելը։ Չկա՞ն արդյոք խանդի փոքրիկ արտահայտումներ։ 

– Ամուսինս, կարծում եմ գիտի, որ դաշտ է մտել, ինձ նման կին իր կողքին ունենալու համար։ Երևի մտածել է` ինչերի հետ պիտի բախվի: Հիմնականում էդ խանդի փոքր նշանները սկզբից էին, հիմա արդեն լիովին վստահություն կա, ազատություն կա, որը որ ինձ շատ էր պետք: Սկզբից դա խանգարում էր ինձ , չնայած հասկանում եմ մենք էլ իրար լավ չէինք ճանաչում: Սկզբնական փուլը ծանոթանալու, մտերմանալու և  իրար հասկանալու շրջան էր, հիմա արդեն այդ շրջանը, փառք Աստծու, անցել է, և ամեն բան շատ լավ է, և ամենակարևորը ամեն ինչ չափի մեջ է:

-Հաճախ եք խոսում Ձեր անսահման կարոտի մասին` Հայաստանի նկատմամբ: Ո՞րն է ամենաջերմ հիշողությունը հայրենիքից և ի՞նչն եք առավել կարոտում:

 -Այո, հաճախ եմ խոսում Հայաստանի մասին, բայց չեմ կարողանում  առանձնացնել որևէ բան Հայաստանից` այ որ սա եմ շատ կարոտում, կամ այս մարդուն եմ շատ կարոտում: Ես Հայաստանն եմ շատ կարոտում` իմ հին օրերը, իմ կյանքը այնտեղ, բայց միևնույն  ժամանակ հասկանալով, որ սա իմ ընտրությունն էր: Ես եկա օտար երկիր` հասկանալով, կամ գուցե քիչ հասկանալով, որ շատ եմ կարոտելու իմ հայրենիքը: Մարդկանց հետ կապված այդքան  շատ չկա կարոտը, որովհետև այստեղ 4 կողմը հայ են ու լեզուն, մշակույթը մերն է, էստեղ հայկականի խորը նստվածք կա: Երեխայիս հայկական դպրոց եմ տալիս, հայերեն ենք խոսում տանը, հիմա արդեն հնարավորություն կա ավելի հաճախ` գրեթե ամեն տարի գալ Հայաստան և փարատել կարոտը:

-Արդյո՞ք կան Ձեր ընտանիքում սովորություններ ու ավանդույթներ, որոնք շատ հատուկ են Հայաստանին:

-Ինչպես արդեն նշեցի` տանը փորձում ենք ամեն բան անել, որպեսզի հայերենը՝ լեզուն ու խոսքը չվերանան: Իմ ստեղծած ընտանիքը շատ ավանդական հայկական ընտանիք է` ամուսինս և ես  կողմ ենք, որ մեր տանը իշխի հայոց հոգին և գրեթե ոչինչ էլ չենք անում դրա համար, որովհետև այդպես կա, ինձ թվում է` դրա համար պետք չի հատուկ որևէ բան անել:

-Ո՞րն է Ձեր մասին լսած ամենազավեշտալի ու անհիմն լուրը:

-Գիտեք, վերջերս ևս ինձ` ոչ հատուկ, հեռու եմ պահում էն բոլոր լուրերից ու բամբասանքներից, որոնք կան իմ շուրջը, բայց համեմատած նախորդ կյանքիս` մինչ ամուսնանալս, բոլոր էդ լուրերը ավելի քչացել են, որոնք որ իրենց մեջ զավեշտ են պարունակում: Օրինակ, այս վերջերս գրել էին, որ ես բաժանվել եմ, կամ որ անընդհատ մենակ գնում եմ Հայաստան ու ետ եմ գալիս ու ջրի ճամփա եմ դարձրել:

Մեկնաբանություն

Որոնում