Հունվարի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ թվով երկրորդ «Եռալեգենդ երեկոն»։
Լեգենդար Ֆրենկ Սինատրայի, Մայքլ Բուբլեի և Սթիվի Ուանդերի աշխարհահռչակ հիթերը հայ հանդիսատեսը վայելեց Արամ MP3-ի, Իվետա Մուկուչյանի, Սյուզաննա Մելքոնյանի, Սրբուկի, Սեդա Սեյրանյանի և Մարկ Հայրապետյանի մատուցմամբ։
Արամ MP3-ի ելույթի ժամանակ դահլիճը ողջ ընթացքում ձայնակցում էր երգչին և, արտիստի խոսքով, իր համար ուրախալի էր տեսնել, որ անգամ համերգին ներկա երեխաները ծանոթ էին համաշխարհային հիթերին․
«Երգացանկը մեծացրել ենք, փորձել ենք ընտրել մեր սիրած երգերը, որոնց տակ մեծացել ենք։ Սրանք հոգու երգեր են, որոնք ազգություն, կրոն չեն ճանաչում,այլ՝ մարդուն տալիս են դրական էմոցիաներ։ Յուրաքանչյուրս փորձել ենք յուրովի ներկայացնել արդեն շատ հայտնի երգերը՝ հասկանալով, որ բավականին մեծ պատասխանատվություն կա մեզ վրա»։
Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը ելույթից հետո ոգևորված նշեց՝ հիանալի հանդիսատես է հավաքվել։ Անդադար հնչող ծափերը ապացուցում էին երգչուհու խոսքերը․
«Այս ձևաչափի համերգները և՛ արտիստների, և՛ հանդիսատեսի համար անհրաժեշտություն են՝ արվեստի տեսանկյունից, քանի որ ամեն անգամ չէ, որ առիթ ենք ունենում նման լայնամասշտաբ հանդիսատեսի առաջ ելույթ ունենալու, սա հետաքրքիր փոխադարձ կապ է։ Կցանկանայի, որ այս ամենը շարունակական լիներ»։
Համերգին մասնակից բոլոր արտիստները երեկոյի գլխավոր ձեռքբերում էին համարում փաստը, որ ամեն անգամ այս ոճի երաժշտությունը մեկ հարկի տակ է համախմբում առավել մեծ թվով երաժշտասերների՝ նպաստելով որակյալ երաժշտության տարածմանը․
«Այստեղ բոլորը տաղանդավոր երգիչներ են, բոլորը բարդագույն, կատարողական երգեր են երգում, որոնք, կարծում եմ շատ քիչ տեղերում կարելի է լսել։ Այս համերգը մենք իսկապես վայելում ենք, քանի որ կատարում ենք այնպիսի երգեր, որոնք այլ վայրում չենք կարող կատարել։ Նմանատիպ մշակութային զարգացման համար, կարծում եմ, պետությունը պետք է ներդրումներ անի, որ մեր հասարակությունը առավել կիրթ լսարան դառնա»,- իր խոսքում նշեց երգչուհի Սրբուկը։
Առաջին «Եռալեգենդ երեկո»-ից հետո երկրորդ համերգային ծրագրից մեծ սպասումներ ունեին բոլորը՝ և՛ համերգի կազմակերպիչներն ու արտիստները, և՛ հանդիսատեսը։ Երիտասարդ երգչուհի Սեդա Սեյրանյանը նշեց՝ դահլիճում տիրող էներգետիկան իրենց շատ էր օգնում ելույթների ժամանակ․
«Անցած անգամ՝ Նոյեմբերի 1-ին, մեզ ևս շատ ջերմ էին ընդունել, այս անգամ թեմատիկան ամանորյա է, ինչը յուրահատուկ տրամադրություն է ստեղծում։ Հանդիսատեսը եկել է նոր երաժշտություն,նոր ոճ լսելու և շատ կարևոր է, որ երաժշտասերները ցանկանում են լավ երաժշտություն լսել»։
Էստրադային սիմֆոնիկ երիտասարդական նվագախմբի հիմնադիր Մարկ Հայրապետյանը արդեն համերգի ավարտից հետո վստահ էր՝ ամիսների աշխատանքը տվեց իր արդյունքները, սպասումները լիովին արդարացված են․
«Այս ֆորմատով համերգների դեպքում կան մի քանի համատեղելի ֆակտորներ, որոնք պետք է ճիշտ համադրել, որպեսզի մաքսիմալ ճիշտ լինի համերգը, բայց պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաղթահարելի է ամեն ինչ։ Երգիչները, ովքեր ընտրված էին այսօր ելույթ ունենալու համար, իրենց կարիերայի ընթացքում արդեն որոշ չափով ցույց տվել են՝ ինչ նախընտրություններ ունեն արտասահմանյան երաժշտության հետ կապված, այդ պատճառով էլ մեր ընտրությունը կանգ առավ հենց նրանց վրա»։
Երեկոյի կազմակերպիչները խոստացան՝ նմանատիպ միջոցառումները երկար սպասեցնել չեն տա հանդիսատեսին, կլինեն անդրադարձեր նաև անհատ կատարողների, ինչպես նաև՝ հայ հեղինակների ստեղծագործություններին։