Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հերթական հյուրն էր դարձել դերասանուհի Արմինե Պողոսյանը, ով մի շարք անկեղծ խոստովանություններ և բացահայտումներ էր արել։ StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել կարևոր մանրամասները։
Արմինեն ամուսնությունից հետո մեկնել է Հայաստանից, սակայն նշել էր, որ պարբերաբար լինում է հայրենիքում.
«Գալիս եմ Հայաստան ամուսնուս հետ՝ ամեն տարի 6 ամսով, գալիս ենք մայիսին, գնում ենք հոկտեմբեր-նոյեմբեր ամսին, երբ ցրտում է։ Ինձ այնտեղ ամեն ինչը ճնշում է՝ կարգավիճակը, օտար լինելը, աշխատանք չունենալը, քո մասնագիտությամբ չաշխատելը։ Այս ամենը քո վրա շատ վատ է ազդում, մանավանդ, երբ դու արվեստագետ ես և ստեղծագոդծելու շատ հնարավորություն ունես, ուզում ես աշխատել։ Այնտեղ մի քանի պրոյեկտներ ունեցա, բայց դա այն չէր, ինչ-որ կցանկանայի ունենալ, որովհետև 20-23 տարի աշխատել թատրոնում, ունենալ ամեն ինչ և հիմա ունեմ ոչինչ։ Այսինքն՝ չհաշված իմ անձնական կյանքը, իմ ստեղծագործական կյանքն արդեն անկում է ապրում։ Ես արդեն 7 տարի չեմ զբաղվում իմ սիրած աշխատանքով, որովհետև թատրոնն ինձ համար մի ամբողջ աշխարհ է, ես որ մտնում եմ թատրոն չեմ ուզում դուրս գալ։ Ինձ համար դժվար էր, որ չեմ կարող հրաժարվել թատրոնից, չեմ կարող հրաժարվել իմ անձնական երջանկությունից, պետք է մեկը բաց թողնեի։ Իմ ամուսինը ինձ երբևիցե չի արգելել իմ գործով զբաղվել։ Այն օրից, երբ մենք ծանոթացանք, ինքը իմ առջև դրեց, որ ես ազատ եմ, կարող եմ ստեղծագործել, բայց հանգամանքը եղավ նա, որ պետք է ԱՄՆ մեկնեմ և թողեցի թատրոնը՝ մտածելով, որ երբ մի օր հետ վերադառնամ իմ թատրոնը ուրախ է ինձ դիմավորելու։ Ամեն դեպքում կյանքում պետք է ինչ-որ բաներ զոհաբերես, որ ինչ-որ բաներ ստանաս։ Ես ամբողջ կյանքում զոհողությունների եմ գնացել՝ իմ ընտանիքի, իմ ընկերների հետ և մի պահ եկավ, որ հասկացա, որ ես ինքս ինձ ոչ մի բան չեմ տալիս, տալիս եմ իմ եղբոր, քրոջ զավակներին, որովհետև ցավոք ես զավակ չունեմ»։
Դերասանուհին նշել էր, որ ինքը կուզեր երեխա ունենալ, բայց չի կարող և դա իր համար ցավոտ հարց է, քանի որ ինքը այդ հարցում էլ է ընտրության առաջ կանգնել և ամուսնուն սիրելով՝ ընտրել է ամուսնուն.
«Տարիներ հետո միգուցե ինձ մեղադրեմ, բայց հիմա ապրում եմ օրով, որովհետև չգիտեմ՝ վաղը ինչ կլինի։ Իմ ամուսինը այնքան ջերմություն, այնքան երջանկություն է ինձ տալիս, որ գուցե չզղջամ տարիներ հետո։ Իմ դիմաց դրվեց դա՝ կամ ամուսին կամ երեխա։ Շատ բարդ, անելանելի վիճակում էի հայտնվել այդ ժամանակ, երբ ինձ ասաց, որ պետք է ընտրություն անեմ, աշխարհը փուլ եկավ իմ գլխին, որովհետև այնքան երազանքներ ունեի, բայց մտածեցի, որ եթե հրաժարվեմ իրենից, ինչ պետք է անեմ երեխան, եթե անձնական երջանկություն չունեմ։ Ես ուրիշ ելք չունեի, արդեն ամուսնացել էի, 1 տարի անցել էր, ես երջանիկ էի ու ընտրեցի իրեն։ Ես կասեի ամուսնուս ընտանիքը ինձ դրեց այդ ընտրության առաջ։ Այսքան տարիների իմ ներսի ցավն է դա, բայց հիմա կյանքը ինձ ինչ տվել է ես փորձում եմ վայելել դա, որովհետև կյանքը այնքան անկանխատեսելի է, Փառք Աստծո, հրաշք քրոջ և եղբոր զավակներ ունեմ, բոլորն էլ ինձ շատ սիրում են, գնահատում են, կիսվում են ինձ հետ, ես էլ՝ իրենց հետ, որովհետև մանավանդ եղբորս զավակներին ես ու հարսս ենք մեծացրել։ Ծնվել են ինձ տեսել են մինչև ամուսնությունը և երբ որ ամուսնացա շատ ծանր տարան իրենք, երբ տանից դուրս եկա ես։ Բայց Փառք Աստծո հիմա այնքան են սիրում ամուսնուս, ինձնից շատ են սիրում»։