Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդման հյուրն էր դարձել պարուհի, պարուսույց ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյանը, ով զրույցի ընթացքում խոսել էր մի քանի թեմաների մասին։
StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։
Պարուհին և թոռնուհին՝ Սոֆի Դևոյան կրտսերը, համատեղ բազմաթիվ զվարճալի հոլովակներ ունեն, որոնք երբեմն հակասական մեկնաբանությունների տեղիք են տալիս։ Սոֆի Դևոյանը նշել էր, որ այդ ամենը անում է միայն հաճույքի և զվարճանքի համար.
«Դա փոքրիկ վայրկյան է, երբ անջատվում ես կենցաղից և լսում ես՝ ինչ է ասում քո թոռնիկը, իսկ դա հիմնականում իր միտքն է։ Ես իրեն չեմ կարող մերժել երբեք, իմ թոռնիկներին շատ եմ սիրում, իրենց խոսքը իմ համար օրենք է։ Որ տղաս փոքր էր շատ քիչ եմ իրեն նկատողություններ արել, միշտ որպես անձ եմ վերաբերվել։ Ես իմ թոռնիկներին միշտ ասում եմ՝ դուք ամեն ինչի կարող եք հասնել և կհասնեք»։
Սոֆի Դևոյանը մեկ անգամ չէ, որ նշել է՝ ինքը պետության կողմից իրեն գնահատված չի զգացել։ Նույն թեմայի մասին խոսելիս՝ նա ընդգծել էր.
«Դա ինձ համար անցած էտապ է։ Իմ բոլոր կոլեգաները ժողովրդական արտիստի կոչում ունեն, ես այդպես էլ չստացա, դա ինձ չի հուզում արդեն։ Դրանով չի, որ ես պետք է ինքնահաստատվեի, ես բավականին ինքնաբավ մարդ եմ։ Չեմ ունեցել երբեք մեծ հովանավորներ»։