StarNews-ը առանձնացրել է Արա Մարտիրոսյանի և Հրաչուհի Ութմազյանի`տարիներ առաջվա զրույցի հատվածները:
Ընկերների մասին
Ես չեմ հասկանում, որ ասում են ընկերը նեղ ժամանակվա համար է, չկա տենց բան։ Ես շատ ուզում եմ որ իմ ուրախ ժամանակ իմ ընկերները կողքիս լինեն։ Որովհետև նեղ ժամանակ, եթե անգամ չուզեն ստիպված լինելու են կողքդ։ Ուրախ ժամանակ դու ես որոշում ու էլի իրենք են որոշում՝ լինեն կողքիդ թե ոչ։ Ընկերությունը պատասխանատվություն է, ընկերությունը ինձ համար հաճելի բեռ է, որը գիտակցաբար վերցնում ես քեզ վրա։
Ափսոսանքի մասին
Ափսոսում եմ այն ժամանակը, որ կարող էի ավելի օգտավետ օգտագործել, բայց չեմ արել, քայլերիս համար չեմ ափսոսում։ Ես մարդ եմ՝ սովորական մահկանացու, ով ըրավունք ունի սխալվելու, ինչու ոչ։ Սխալվել եմ շատ, բայց ունեցել եմ ուժ՝ այդ սխալից հետո ասել կներես։ Տղամարդուն շատ ավելի դժվար է ասել այդ խոսքը։ Երբ դու մարդուն ասում ես կներես, դու արդեն այդ մարդուն խնդրում ես։ Խնդրելը տղամարդու համար, ըստ իս, հեշտ բան չէ։
Հայր լինելու մասին
Էգոիստ եմ ես։ Ես իմ երգից այն կողմ բան չեմ տեսնում։ Ծնող, երեխաներ, եկեք այդ կողմ չգնանք։ Նախ, տղաս գտնվում է մյուս կոնտինենտում, ամուսնալուծված եմ։ Նախ՝ ֆիզիկապես չենք կարող միասին գտնվել, երկրորդը՝ կապը կորել է, չգիտեմ։ Ես այն պապաներից չեմ, որ երեխային անտերության մատնի։ Ես տարիներ շարունակ տղայիս հետ եմ անցկացրել։ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կգցի, վստահ եմ։ Հուսամ՝ այդ ժամանակ բացը կկարողանանք լրացնել։ Չեմ կարծում զրույցով կավարտվի։ Ես խոսացող մարդ չեմ, չեմ սիրում խոսել։
Նախկին կնոջ մասին
Արժեր թողնել ամեն ինչ ու գնալ ԱՄՆ։ Սիրում էի։ Սերը միշտ արժի, անկախ ամեն ինչից։ Ով ուզում ես եղիր, եթե սիրում ես, պիտի գնաս սիրուդ հետևից։ Որ երբ հետո հայելու մեջ նայես ու քեզ այդ հարցը տաս, հասկանաս, որ այդտեղ էլ ես անկեղծ՝ սիրել ես գնացել ես։ Իմ նախկին կինը, ում ես շատ հարգում եմ, ինձ շատ օգնել է հենց այն ժամանակ՝ 2003-2004 թվին։ Դա մի ժամանակահատված էր, որի ընթացքում ես շատ անգամներ եղել եմ երջանիկ։