«Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրը երգչուհի Զարուհի Բաբայանն է:
StarNews-ը հետևել է զրույցին,որի ընթացքում երգչուհին խոսել է մի շարք թեմաների, այդ թվում մանկության և վերջերս մայրիկի կորստի մասին:
Երգչուհու խոսքով`ամենավառ բանը, որը հիշում է մանկությունից, դա մանկապարտեզն է, քանի որ հենց այնտեղից է իմացել`ինչ է բեմն ու երգ, երաժշտությունը: Ինչպես երգչուհին է նշում`մանուկ հասակում բավականին չարաճճի է եղել, մի քանի պտույտ շենքի բակում պատրաստ է եղել պտտվել, միայն թե հարվածի եղբորը, քանի որ մինչ այդ եղբայրն իրեն հարվածել է:
«Երբեմն եղելա, որ ինձ համար մանկապարտեզ ծնող են կանչել, քանի որ ինչ որ մի բան եմ արել, որը չպետք է անեի: Ես մինչ օրս էլ չարաճճի եմ, 5 րոպեում կարող եմ ինչ որ բան ձեռնարկել, գնալ ու անել, նախաձեռնող եմ, չեմ սիրում նստել, փոքրուց արդարամիտ եմ եղել և մինչ օրս այդպես է:Մայրս շատ խիստ է եղել, հենց իրենից է, որ ես այդպիսին եմ դարձել: Այդօրինակ բնավորության գծերով նման եմ մայրիկիս, բայց երգ ու պարի հանդեպ ունեցած սիրով, կենսուրախ լինելով հայրիկիս եմ նման»:
Երգչուհու հայրը ֆուտբոլային դատավոր էր, սակայն ինչպես Զարուհին է փաստում`հնարավորություն ունենալու դեպքում հայրը կընտրեր բեմը, ում տարիներ առաջ խորհուրդ են տվել առավել նպաստավոր գումար վաստակելու ճանապարհ ընտրել:
Զարուհին խոսեց 3 տարի առաջ մայրիկին կորցնելու մասին: Երգչուհին ԱՄՆ-ում է եղել, երբ ճակատագրից հարված է ստացել: Մայրիկը երգչուհու կյանքում ամենամտերիմն է եղել, ում հետ զրուցել է ցանկացած հարցի շուրջ և ում հետ խոսելով փորձել է դուրս գալ ամենաանելանելի վիճակից:
«Կյանքիս ամենակարևոր խորհուրդները ստացել եմ մայրիկիցս, ու լինում է շատ ժամանակ, որ դստերս եմ փոխանցում դրանք: Շատ ցավալի պահ, քանի որ իր կողքին չեմ եղել այդ ժամանակ, բայց ես ամեն օր խոսում եմ իր հետ:Միշտ պատկերացնում եմ`ինչ կասեր, ինքը շատ իմաստուն էր, շատ խելացի և շատ ուժեղ: Ինքն իմ համար եղելա ամենաարդար, ամենաճշմարիտը: Եվ երևի թե ամենաթանկը»,- ասաց Զարուհին և հուզվեց:
Երգչուհին պատմում է, որ մայրն արգելել է դստերը գալ ու պատմել իրենց ընտանեկան խնդիրները և արգելել է, որ երգչուհին այդ խնդիրը հայրական տուն վերադառնալով լուծի.
«Ասում էր`կարճ ժամանակ անց դու կմոռանաս, իր հետ կբարիշես, իսկ ես երբեք չեմ կարողանա ներել, որ քեզ նեղացրելա»: