Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման հերթական հյուրը ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Ջուլիետա Բաբայանն է։ StarNews-ը հետևել է զրույցին ու առանձնացրել ամենահետաքրքիր դրվագները։
Հաղորդավարուհին զրույցը սկսեց դերասանուհու խնամված ու գեղեցիկ տեսքից, նա նշեց որ Ջուլիետա Բաբայանի տարիքն իմանալով` հանրությունը շոկի կենթարկվի։ Այս խոսքին դերասանուհին ժպիտով պատասխանեց․ «Այո, մի քանի ամսից կդառնամ 80 տարեկան, երևի միշտ եմ այդպիսին եղել։ Կինը միշտ պետք է խնամված լինի, սակայն թատրոնում աշխատող կինը առավել ևս, այլ տարբերակ չկա։ Տարիներից չեմ վախենում, որովհետեւ չեմ զգում իմ տարիքը: Դա, երեւի, բնավորությունից, հոգուց է գալիս։ Ինձ հիմա երջանկացնում են իմ թոռները։ Ավագ դուստրս 58 տարեկան է։ Հինգ թոռնիկ ունեմ, ամենափոքրը 16 տարեկան է, իմ ընկերն է։ Թոռինկներս, բոլորն ինձ Ջուլյա են ասում. չեմ սովորեցրել, որ տատիկ ասեն: Այնպես որ, ընկերություն եմ անում իրենց հետ, երեւի, դա է երիտասարդության գաղտնիքը․ երիտասարդների հետ երիտասարդանում ես։ Գուցե, տխրություն էլ ունես սրտումդ, պետք է ցույց չտաս և չփաթաթես դիմացինի վզին։ Ծոռինկներ չունեմ դեռ ու ասում եմ՝ «արագացրեք, պիտի ծոռ էլ ունենամ, նոր»։ Դժվարություններ լինում են բոլորիս կյանքում, բայց ես միշտ կենսախինդ եմ եղել։ Մանավանդ երբ բեմ ես բարձրանում, հանդիսատեսը չպետք է տեսնի քո տխրությունը։ Պետք է աշխատես էնպես, ինչպես պետք է։ Դա բնավորության հարց է։ Բայց դա չի բերում նրան, որ ես խաղամ իրական կյանքում, ես դա չեմ սիրում։ Ես սիրում եմ շիտակ ու պարզ մարդկանց, ինչ մտածում եմ մարդու երեսին եմ ասում։ Ամենաշատը չեմ սիրում, երբ ստում են ու ազնիվ չեն։ Երբ դերասան ես,միանգամից խաղը զգում ես»։
Սիրված դերասանուհին պատմեց նաև իր անձնական կյանքի մասին, որը այդքան էլ հեշտ ու հարթ չի ընթացել։
«Գիտեք ինչն էր պատճառը, որ փոքր տարիքում ամուսնացա։ Հայրս խիստ մարդ էր և չէր ուզում, որ դերասանուհի դառնամ, իսկ ես դպրոցն ավարտելուց հետո անմիջապես թատրոնի հետ կապվեցի։ Այն ժամանակ Վարդան Աճեմյանը զանգվածային տեսարանների համար թատերական խմբակ էր հավաքում։ Դիմեցի, ընդունեց. 17 տարեկանից թատրոնում եմ։ Հետո արդեն բարձրագույն կրթություն ստացա, եւ Աճեմյանն արդեն ընդունեց թատրոն։ Այդ ժամանակ հայրս չէր թողնում թատրոնում աշխատել, եւ ես ստիպված, հիմարաբար ամուսնացա թատրոնից ինչ-որ մեկի հետ: Բայց դե մենք բնավորությամբ տարբեր մարդիկ էինք , նա էլ ինձնից բավական մեծ էր՝ 12 տարի։ Բավական երկար դիմացա, հետո արդեն չդիմացա։ Գիտեք, թատրոնի հանդեպ սերն այնքան շատ էր իմ մեջ, որ չէի էլ հասկանում՝ ինչ եմ անում։ Հետո արդեն ուշ էր․ երեխա ունեի, մտածեցի՝ լավ, կհամակերպվեմ։ Այդպես դիմացա շատ երկար։ Երկրորդ երեխան 9 տարի հետո ունեցա։ Հետո միայն նպատակս այն էր, որ աշխատեմ եւ երեխաներիս պահեմ… Այդպես երիտասարդությունդ անցնում է, դու չես զգում։ Հետո հետադարձ հայացք ես գցում, հասկանում որ արդեն 40 տարեկան ես ու ոչինչ չես հասկացել կյանքիցդ»։
Հաղորդավարուհին նկատեց, որ տարիներ առաջ ամուսնալուծությունը բուռն արձագանք էր ստանում, ընդ որում կնոջ պարագայում դա ավելի խիստ էր քննարկում։ Ջուլիետա Բաբայանը նաև պատմեց բաժանման որոշում կայացնելու և հանրության արձագանքի մասին, դերասանուհին նշեց, որ ամուսնալուծության որոշում կայացնելը ևս բարդ էր, քանի որ հայրը դրան ևս դեմ էր։ Երբ մի անգամ հայրիկիս ասացի, որ բաժանվում եմ, վայ, ասաց՝ «Դու ես ընտրել, դու էիր ասում՝ թատրոն»։ Մահացավ, նոր այդ քայլին դիմեցի, որովհետեւ լսել չէր ուզում։ Բաժանվել եմ 40-ից հետո։ Իհարկե, կարելի էր լրիվ ուրիշ կերպ ապրել, բայց դե… Թատրոնում էլ շատ զարմացան, երբ իմացան մեր բաժանվելու մասին, մեղադրում էին նույնիսկ։ Հիմա մեր երիտասարդները, երբ ուզում, ամուսնանում են, երբ ուզում են՝ բաժանվում։ Բայց այն ժամանակ սենսացիա էր իմ ամուսնալուծությունը, թատրոնում՝ նույնը, մեր բարեկամության մեջ՝ նույնը։ Ասում էի՝ «Էլ չեմ կարողանում, ի՞նչ եք ուզում»։ Դժվար էր այդ շրջանը, իհարկե, հետո անցավ։ Բաժանման պատճառը ամուսնուս չաշխատելն էր։ Եթե տասը տարի ամուսինը չաշխատի եւ անընդհատ բազմոցին նստած կամ պառկած լինի, ո՞ր կինը կդիմանա։ Որպես դերասան էլ զբաղված չէր. թատրոնից դուրս էր եկել, չէր աշխատում։ 9 տարի աղջկաս ինձ հետ թատրոն եմ տարել, որ կարողանամ աշխատել, մեծ դժվարությամբ եմ մեծացրել երկու աղջիկնեիս էլ։ Բայց Ունեմ երկու հրաշալի աղջիկ, թոռներ, այդ ամենով բավարարվում եմ։ Իմ ապրած դժվարություններն ինձ դաս են եղել, եւ ես իմ երեխաների հետ շատ ընկերական եմ։
Դերասանուհին հայրիկի անունը տալիս անգամ մեծ հուզմուքով էր խոսում և ի վերջո նա անկեղծացավ․ «Հայրիկիս միշտ մեղադրել եմ… Մինչեւ հիմա էլ։ Շատ խիստ մարդ էր, չէի կարող ոչինչ անել։ Ուղղակի չէր թողնում։ Երբեւէ իր հետ չեմ խոսել այդ մասին։ Հետագայում, երբ հեռուստատեսությամբ տեսնում էր, հպարտանում էր, ուրախանում, արդեն հաշտվել էր այդ մտքի հետ»,-անկեղծացավ Ջուլիետա Բաբայանը։