Մհեր Բաղդասարյանի Tete a Tete հաղորդման հերթական հյուրն էր դարձել երգիչ Արամեն, ով զրույցի ընթացքում խոսել էր աղմկահարույց մի քանի թեմաների, ինչպես նաև կնոջ՝ Աննա Թովմասյանի մասին։ StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել հետաքրքիր հատվածները։
Ինչպես Մհերն էր նշել զրույցի սկզբում Արամեն բավականին համեստ անձնավորություն է՝ անկախ իր գրանցած հաջողություններից և շոուբիզնեսում ունեցած դիրքից։ Արամեն ևս իր խոսքում ընդգծել էր իր՝ որոշ չափով ամաչկոտ լինելու փաստը՝ ասելով, որ ինքը այդպիսին է նաև անձնական հարաբերություններում.
«Իմ առաջին սիրո առաջարկը եղել է Աննային, մինչև այդ, իհա՛րկե շատ շփվել եմ, եղել են թվացյալ սիրահարված հարաբերություններ, բայց առաջին քայլը՝ որպես այդպիսին ես չեմ արել, ոչ թե գոռոզություն կամ ուրիշ բան, ես միշտ ամաչել եմ։ Միշտ մտածել եմ, որ իմ ներկայությամբ, իմ խոսքով, չեմ սիրել մարդկանց ուշադրությունը գրավել, ինձ միշտ թվացել է, որ ես կարող եմ իրենց խանգարել ու վախեցել եմ բացասական պատասխանից»։
Տարիներ առաջ Արամեին սիրավեպ էին վերագրում երգչուհի Եվա Ռիվասի հետ։ Թեմային անդրադառնալով Արամեն նշել էր, որ ինքն ու Ռիվասը միասին երգել են ութ տարի ապա՝ հավելել.
«Մենք հայտնվեցինք մի անսամբլում՝ «Արևիկ» խմբում, որտեղ նա արդեն երգում էր, ես հետո միացա իրենց՝ 96 կամ 97 թվականին, հետո այնպես ստացվեց, որ ինձ թվում է այդպես էլ պետք է լիներ՝ երկուսս էլ բարձրահասակ էինք, երկուսս էլ գրավիչ էինք այդ ժամանակ՝ ամեն դեպքում ինքը, շատ էինք շրջագայում, շատ էինք միասին ժամանակ անցկացնում, ամեն ինչը գումարվեց ու ստացվեց, որ ինչ-որ հարաբերություններ սկսվեցին բավական տևական ժամանակ՝ մոտ 5 տարի, քիչ չի եղել, բայց օրերից մի օր այդ ամեն ինչը ավարտվեց, դա էլ այդպես պետք է լիներ, ավարտվեց վատ, որովհետև այն ժամանակ ես չունեի այդքան անցած ճանապարհ, միտքս այդքան զարգացած չէր, որ ես կարողանայի այդ ամեն ինչը առանց էմոցիաների, որովհետև սրանք այն հարաբերությունները չէին, որ պետք էր խզել այդպես գժվել, տառապել, բայց հիմա բան չկա, զուտ այդ հուշերն են։ Դա նորմալ, պատանեկան սիրահարվածություն էր։ Ես նրա մայրիկի կորստի լուրը երբ որ լսեցի շատ մեծ ցավ ապրեցի, որովհետև իրենց տանը շատ հաճախ եմ եղել, իր մայրը ինձ բազմիցս կերակրել է, ես կուզեի իրեն ցավակցել, բայց չեմ արել դա, առիթ չի եղել և հատուկ ոչ մի բան չեմ ձեռնարկել դրա համար։ Շատ վատ է, որ կա ժամանակահատված, որ ինքի միգուցե իր սխալների պատճառով ստիպված է հիմա այդ ամեն ինչը շտկել, եթե ինքը հասկացել է, որ պետք է այդ ամեն ինչը շտկել և ուրիշ կյանքով ապրել, ես դրա համար մենակ ուրախ եմ՝ որպես մարդ, ով երկար տարիներ անցկացրել է իր հետ։ Բայց իմ կյանքը ուրիշ բան է, արդեն շատ շուտվանից»։
Երգիչը խոսել էր նաև ծնողների ու իր հաջողություններին նրանց արձագանքի մասին.
«Եթե իմ ընտանիքը չզգար, որ ես ունեմ վերաբերմունք հանդիսատեսի կամ ժողովրդի կողմից, ինձ կասեր՝ ուրիշ բանով զբաղվիր, որովհետև իմ ընտանիքը ևս այդ անկեղծությունը, որը փոխանցվել է ինձ և իմ ընտանիքին, որ չզբաղվի մի բանով, որը շինծու է կամ արհեստական ուռճեցված, երբեք թույլ չէին տա»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին Արամեին և մի քանի այլ արտիստների շնորհակալություն հայտնեց՝ որպես ֆիզիկական անձ տարեկան եկամուտների հարկային ցուցակը ներկայացնելու համար։ Երգիչը նշել էր՝ դա շարունակական է.
«Երբ որ եկավ ժամանակը և մեզ ասացին որ պետք է մտնեք հարկային դաշտ՝ բոլորի՝ ժողովրդի մոտ տպավորություն ստեղծվեց, որ մինչև դա մենք հարկ չենք մուծել։ Այստեղ ուրիշ բանի մասին էր խոսքը։ Միշտ էլ համերգների շրջանակներում վճարվել են հարկերը, դա նորմալ է։ Մենք ունենում ենք եկամուտներ, որոնք միայն համերգներից չեն գոյանում։ Այդ դեպքում պետք է ունենանք ԱՁ կոչվածը, որի շրջանակներում պետք է մուծենք հարկեր։ Ես անգամ հետաքրքիր բան եմ առաջարկել՝ եկեք տարին մեկ անգամ մենք տանք կլորիկ գումար, ստանանք լիցենզիա, որպեսզի կարողանանաք զբաղվել երգարվեստով։ Դա կլիներ նաև լավ մեր համար, քանի որ այսօր շատերն են համարում իրենց երգիչ, և իրենց թույլ են տալիս բարձրանալ բեմ ու ոչ հայեցի երգեր երգել։
Խոսելով կնոջ և ընտանիքի մասին Արամեն նշել էր, որ Աննան չի դադարեցրել իր երաժշտական գործունեությունը.
«Աննան շատ գեղեցիկ տեմբր ունի, եթե ինքը լիներ այնպիսի երգչուհի, որի ձայնը կտրելը կլիներ մեղք կամ հանցագործություն, ես դա երբեք չէի անի։ Ամենևին չեմ ցածրացնում իր կարողությունները, կան ավելի փոքր ձայներով երգչուհիներ, որ գործունեություն են ծավալում։ Բայց իր պարագայում չեմ մտածում, որ ինձ նման կարողանա շրջագայի, եթե պատկերացնեի կամ զգայի, որ դա հնարավոր է, գուցե ուրքշ ձև լիներ։ Ի վերջո, մեր երեխաները, եթե ինձանից այդքան ժամանակի առումով չեն կարողանում ստանալ, գոնե մորից պետք է ստանան»։