Աստղերը ընդդեմ Խազեր մրցանակաբաշխությանը․ ովքեր և ինչու են հրաժարվել մրցանակաբաշխությանը մասնակցելուց

Հայկական շոուբիզնեսում կրկին քննարկումների թեմա է դարձել Խազեր երաժշտական մրցանակաբաշխություն-ը․ այս տարի երկու հայտնի երգչուհիներ բացահայտ հայտարարեցին, որ հրաժարվում են մասնակցել մրցանակաբաշխությանը՝ առաջացնելով նոր քննարկումներ և քննադատություններ։
Ժամեր առաջ հրապարակվեց այն երգիչների և երգչուհիների ցանկը, ովքեր տարբեր անվանակարգերում առաջադրված են մրցանակաբաշխությանը։ Կազմակերպիչների հայտարարության համաձայն՝ յուրաքանչյուր անվանակարգում նախատեսված է միայն մեկ հաղթող։ Սակայն արդեն պարզ է դարձել, որ որոշ արտիստներ չեն ցանկանում մասնակցել այդ գործընթացին։
Իվետա Մուկուչյանը հրապարակմամբ հայտնել է, որ վաղուց է որոշել չմասնակցել մրցանակաբաշխությանը և այդ մասին բազմիցս տեղեկացրել է կազմակերպիչներին։
Երգչուհին գրել է.
«Ես «Խազեր» մրցանակաբաշխությանը չմասնակցելու հստակ որոշում ունեմ, որի մասին ես և իմ թիմը բազմիցս հայտնել ենք կազմակերպիչներին՝ թե՛ բանավոր, թե՛ գրավոր ձևով։Ավելին՝ հստակեցրել եմ և պահանջել, որ իմ անուն-ազգանունը չօգտագործվի որևէ անվանակարգում կամ դրան վերաբերող արշավներին։Շարունակելու եմ աշխատել՝ նվիրված ժողովրդին, իսկ գնահատականը ստանում եմ իմ լսարանից և երկրպագուներից։Հույս ունեի, որ կազմակերպիչները նույն հարգանքով կմոտենային իմ որոշմանը, որը, ցավոք, անտեսվել է»։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մրցանակաբաշխությունից հետո նույնպես բուռն քննարկումներ էին ծավալվել, քանի որ, չնայած մեծ ժողովրդականությանը, Իվետա Մուկուչյանը որևէ անվանակարգում մրցանակ չէր ստացել։

Մասնակցությունից հրաժարվելու մասին հայտարարել է նաև երգչուհի Բրյունետը։ Նա իր հայտարարության մեջ նշել է, որ այսուհետ չի
մասնակցելու որևէ մրցանակաբաշխության։
Երգչուհին գրել է.
«Բարև բոլորին, ուզում եմ հստակեցնել։ Ես այս տարի և այսուհետ չեմ մասնակցում ոչ մի մրցանակաբաշխության։Իմ անունը հայտնվել է թեկնածուների ցանկում առանց իմ թույլտվության։Միակ ճանաչումը, որը ինձ համար իսկապես կարևոր է, դա դուք եք՝ մարդիկ, ովքեր լսում են իմ երաժշտությունը, երգում այն և պահում իրենց սրտերում։Դուք եք իմ իրական մրցանակը»։
Հատկանշական է, որ Բրյունետը և Իվետա Մուկուչյանը առաջադրված էին «Լավագույն փոփ երգչուհի» անվանակարգում։ Նրանց հրաժարումից հետո փաստացի այդ անվանակարգում մնում է միայն երգչուհի Սոնա Ռուբենյանը։

Ստացվում է, որ այս տարվա մրցանակաբաշխությունն արդեն մեկնարկել է սկանդալային մթնոլորտում։

















