Զովունիում սպանությունը սկսվել է չնչին նկատողությունից․ նոր մանրամասներ Արսինե Նավասարդյանի որդու մահվան գործով

Փետրվարի 16-ին Զովունիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Խոսքը հայտնի դերասանուհի Արսինե Նավասարդյան-ի որդու՝ Ռուբեն Գ.-ի սպանության մասին է։
Ըստ ArmLur-ի տեղեկությունների՝ դեպքը սկիզբ է առել աննշան դիտողությունից։ Ռուբենը ընկերների հետ այցելել էր Զովունիում գործող սննդի կետերից մեկը։ Այնտեղ նրանք նկատել էին, որ ներկաներից մեկը ծաղրում է տարեց տղամարդու։ Երիտասարդները միջամտել են՝ հորդորելով հարգալից վերաբերվել տարեց անձին, ինչից հետո իրավիճակը կտրուկ սրվել է։
Սկսվել է թեժ վիճաբանություն, որը վերածվել է փոխադարձ հայհոյանքների և ծեծկռտուքի։ Արդյունքում միջադեպի մասնակիցներից Արմեն Զաքարյանը ենթարկվել է ծեծի։ Ըստ նախնական տվյալների՝ վերջինս վերցրել է իրեն պատկանող «Սայգա» տեսակի որսորդական ակոսափող հրազենը՝ փորձելով սաստել իրեն ծեծի ենթարկած անձանց, սակայն հնչել է կրակոց։
Կրակոցից ծանր վիրավորվել է Ռուբեն Գ.-ն։ Պարզվել է, որ նրան կրակել է Զովունիի 45-ամյա բնակիչ Արմեն Զաքարյանը։ Դեպքից հետո վերջինս փորձել է դիմել փախուստի, սակայն կարճ ժամանակ անց Նաիրիի ոստիկանության բաժնի ծառայողները նրան հայտնաբերել են գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից տարածքում և ձերբակալել։
Նա կասկածվում է ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ և ներկայացվել է Նաիրիի քննչական բաժին։ Ըստ իրավապահների՝ հանցագործությունը կատարվել է նրա անվամբ հաշվառված «Սայգա» տեսակի որսորդական ակոսափող հրազենից։
Ռուբեն Գ.-ն տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ երեք օր պայքարել է կյանքի համար։ Սակայն փետրվարի 19-ին, գիտակցության չգալով, 31-ամյա երիտասարդը մահացել է վերակենդանացման բաժանմունքում։
Արմեն Զաքարյանը կալանավորված է։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

















