Զովունիում կրակոցներից մահացածը դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդին է. Մանրամասներ

Փետրվարի 16-ին Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում հնչած կրակոցները ողբերգական ավարտ են ունեցել։ Ինչպես գրում է Armlur.am-ը, սպանված 31-ամյա Ռուբեն Գ.-ն հայտնի դերասանուհի և օպերային երգչուհի Արսինե Նավասարդյան-ի որդին է։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 23:50-ի սահմաններում։ Ըստ հրապարակման՝ Ռուբեն Գ.-ին կրակել է Զովունի գյուղի բնակիչ, 45-ամյա Արմեն Զ.-ն, ով դեպքից հետո փորձել է դիմել փախուստի։ Սակայն կարճ ժամանակ անց Նաիրիի ոստիկանության բաժնի ծառայողները նրան հայտնաբերել են Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից տարածքում։
Նա ձերբակալվել է ծանր մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով և տեղափոխվել Նաիրիի ոստիկանության բաժին, ապա ներկայացվել Նաիրիի քննչական բաժին։ Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարվել է նրա անվամբ հաշվառված «Սայգա» տեսակի որսորդական ակոսափող հրազենից։
Ավելի ուշ Shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 19-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Երևանի բնակիչ 31-ամյա Ռուբեն Գ.-ն։ Նա բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծանր հրազենային վնասվածքով, որը ստացել էր փետրվարի 16-ին Զովունիում տեղի ունեցած կրակոցների հետևանքով։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն՝ հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ։

















