«Հայաստանի ձայնը» առաջին եթերաշրջանի հաղթող Մաշա Մնջոյանը․ որտեղ է այսօր և ինչով է զբաղվում․ Բացառիկ

Մաշա Մնջոյանը, «Հայաստանի ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթողը (2012-2013թթ.)՝ իր բացառիկ վոկալի, երաժշտական խորությունը զգացող կատարումների շնորհիվ մինչ օրս շարունակում է բեմական ակտիվ գործունեությունը։ Մրցույթի ընթացքում նա հանդես էր գալիս Սոնայի թիմում, որտեղ առավել ամբողջական բացահայտվեց նրա երաժշտական մտածողությունը։

Մաշա Մնջոյանը Ավստրալիայի քաղաքացի է և արդեն շուրջ 4 տարի բնակվում է Սիդնեյում, ինչպես նա է նշում “սկզբում ուսումը շարունակելու նպատակով”։

2020 թվականին Մաշան մասնակցել է “Ավստրալիայի ձայնը” նախագծին, որտեղ իր բացառիկ ձայնային տվյալներով զարմացրեց թե՛ ժյուրիին, թե՛ հանդիսատեսին՝ հասնելով կիսաեզրափակիչ։ Այս փորձը միջազգային բեմում դարձավ նրա առաջին քայլը՝ հեռու հայրենիքից, և ամրապնդեց նրա վոկալային հեղինակությունը։

Մրցույթից հետո Մաշա Մնջոյանը շարունակեց ստեղծագործական ուղին՝ կենտրոնանալով ավելի խորքային երաժշտական դաշտում՝ նախընտրելով ջազը, սոուլը։ Նա շարունակում է ակտիվ գործունեություն, հանդես է գալիս համերգներով աշխարհի տարբեր երկրներում, ներկայացնելով հայկական և միջազգային երաժշտությունը միջազգային բեմերում։

2023 թվականին Մաշա Մնջոյանը դարձավ Բելառուսում անցկացվող «Славянский базар» միջազգային երաժշտական փառատոնի հաղթողը, ինչը ևս մեկ անգամ հաստատեց նրա միջազգային ճանաչումը և բացառիկ վոկալային հնարավորությունները։

2025թ․-ին Մաշան նաև արժանացել է «Armenian Music Video Awards»-ի շրջանակներում Նադեժդա Սարգսյանի անվան հատուկ մրցանակին, ինչը ընդգծում է նրա յուրահատուկ ստեղծագործական նվիրումը աշխատանքին։

2025 թվականին Մաշա Մնջոյանը Արմուշի հետ մասնակցեց նաև «Երկու աստղ» նախագծին՝ ինքնատիպ կատարումներով արժանանալով հանդիսատեսի ուշադրությանը։ Նույն թվականին՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը, նա հանդես եկավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Արմավիրի «Ֆեստիվառ» փառատոնին, իսկ հոկտեմբերի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ նրա «Սիմֆոնիկ Հյուսթոն» երևանյան մենահամերգը, որտեղ Մաշան կատարել է Ուիթնի Հյուսթոնի հիթերը՝ սիմֆոնիկ մեկնաբանություններով։

Այսօր Մաշա Մնջոյանը շարունակում է մնալ այն արվեստագետներից մեկը, ով հեռու է մեդիա աղմուկից, սակայն շարունակում է ակտիվ ստեղծագործական գործունեությունը և բարձր է գնահատվում մասնագիտական շրջանակներում՝ որպես ինքնատիպ երաժիշտ։