«Երեխաներին կոնֆետ մի նվիրեք». Քրիստինե Եղոյանը՝ արհեստական շաքարի վնասների մասին

Դերասանուհի Քրիստինե Եղոյանը այսօր իր ինստագրամյան էջում անդրադարձել է բավական հետաքրքիր և քննարկվող թեմայի՝ երեխաներին կոնֆետ նվիրելու մշակույթին։ Իր խոսքը նա վերնագրել է «Երեխաներին կոնֆետ մի նվիրեք»։

Քրիստինեն նշել է, որ շուրջ 4 տարվա մայրության ընթացքում եկել է այն համոզման, որ երեխաներին կոնֆետ նվիրելն օգտակար չէ։ Նրա խոսքով՝ արհեստական շաքարը որևէ օգուտ չի տալիս երեխայի օրգանիզմին։ Միաժամանակ դերասանուհին ընդգծել է, որ հասկանում է՝ կոնֆետները հիմնականում տրվում են բարի ու սիրով լի մտադրությամբ, սակայն անգամ ամենագեղեցիկ ձևով միշտ չէ, որ հնարավոր է խնդրել՝ երեխաներին քաղցրավենիք չնվիրել:

Եղոյանը նաև հավելել է, որ կոնֆետ ու արհեստական քաղցրավենիք օգտագործելուց հետո երեխայի քիմքը փոխվում է, և արդյունքում ծնողը այլևս չի կարողանում բավարարել երեխայի քաղցրի պահանջը բնական մրգերով կամ հյութերով, քանի որ դրանք այլևս նույն հաճույքը չեն պատճառում։

Դերասանուհու հրապարակումը սոցցանցերում լայն արձագանք է գտել: