Ահավոր էր. Անի Քոչարը`կեսարյան հատման, անասելի ցավերի, միայնության և ջերմ խոսքի պակասի մասին

  • Nov 04, 2023

StarNews-ը հայտնել է, որ լրագրող Անի Քոչարը մեկ ամիս առաջ մայրացել է:

Անին այսօր նշում է դստեր 40 օրականը: Նա հրապարակել էր իր փոքրիկի մասնակցությամբ լուսանկար`կից պատմելով անցած 40 օրերի դժվարությունների մասին.

«Կարծես մի նոր փորձություն ու մարտահրավեր, պայքարի և փորձառության մի նոր դաս:
40 օր ցավի, անքուն գիշերների, տոկունության, կարգապահության, պատասխանատվության, բայց և օրհնության, սիրո, քնքշանքի…
Որդուս պարագայում բնական ճանապարհով, առանց հետևանքների ծննդաբերություն էր և կողքիս էին մայրս ու քույրս և չնայած, տակավին երիտասարդ ու անփորձ լինելուս, առավել հեշտ հաղթահարեցի (և հետո 12 տարի առաջ առողջականս ու ուժերս բոլորովին այլ էին):
Այս անգամ կեսարյան հատումն ինքնին վիրահատություն է իր հետվիրահատական խնդիրներով և անհարմարություններով, գումարվեց կողմնակի մի բարդացում (ծագեց էպիդուրալ ցավազրկումից. մեկ շաբաթ պարանոցից գլխին ճառագայթող անմարդկային ցավեր էի ունենում. կրծքով կերակրելու պարագայում էլ դեղորայքի հարցում շատ ազատ չես):

Վիրահատության ցավերին և գլխացավերին գումարվում էին մեջքի ցավերն ու անքնությունը և ես գրեթե սպառված էի: Ահավոր օրեր էին. միայն ինձ և Տիրոջն է հայտնի, թե ինչ քաշեցի առաջին տասն օրը: Երբ սաստիկ ցավերով, անքուն գիշերներից հետո մեն մենակ ես քո բոլոր խնդիրներով և կենցաղային հարցերով. այդ ցավերի մեջ, երբ մի պահ երեխեն աչք էր կպցնում, ես տան հարցերով էի զբաղվում(ինձ համար դիետիկ սնունդ, ընտանիքին՝ այլ կերակուր պատրաստել, լվացք, արդուկ, տան մաքրություն, տան առևտուր, մեծ երեխայի կարիքներ, դասեր ու պարապմունքներ): Ես երբեք չեմ սիրել օգնություն խնդրել (երբեք կարիքը չի էլ եղել, քանզի շտապօգնություններս՝ մայրս, քույրս կողքիս են եղել):
Անցան այդ դաժան օրերը, ցավերը մեղմացան, անցան ու, թեև անքնությունն ու գերհոգնածությունն իրենն անում է, բայց, երբ գիրկս եմ վերցնում հրաշքիս, ամեն բան դառնում է անկարևոր և անցողիկ:
Ֆիզիկական դժվարություններից զատ մեծ հոգեհուզական ծանրաբեռնվածություն կար (երկրի վիճակ, հարազատի մի ջերմ խոսքի պակաս, հոգատարության բացակայություն, միայնության զգացում. ընտանիքս և դուք հեռավորության վրա մի փոքր լցնում էիք այդ ջերմության և հոգատարության բացը):
Զգացի, որ սա էլ մի փորձություն էր, որը ես պիտի անցնեի ու անցնեի միայնակ և ժամանակը ցույց կտա, թե ինչու:
Եվ չնայած բոլոր դժվարություններին, 40 օր շարունակ ամեն րոպե փառք եմ տվել Տիրոջը իմ օրհնության համար »:

Նշենք, որ ավելի վաղ Անին ուղերձով էր հանդես եկել, որտեղ պատմել էր իր հղիության մասին իմանալու առաջին իսկ պահից, որդու և ամուսնու արձագանքից, հղիության դժվար օրերի և հավատի մասին, որն, ինչպես Անին է նշում, օգնել է իրեն հասնել այս օրվան:

Անին նշել էր, որ շատ բժիշկներ են իրեն ասել, որ չի կարող մայրանալ լուրջ հիվանդությունից հետո, սակայն ինքը հույսը չի կորցրել:

Նրա ամուսինը խորհուրդ էր տվել Անիին մոռանալ կրկին մայրանալու միտքը`նշելով, որ իրենց որդին կա և բավական է: Սակայն Անին որոշել էր ամուսնուն պարգևել հայր դառնալու զգացողությունը:

Մեկնաբանություն

Որոնում