Ամերիա բանկն արդեն անտանելի է դառնում. ո՞նց կարելի է անպատասխանատու գտնվել հաճախորդների նկատմամբ

Join Telegram
  • Jun 09, 2025

BlogNews.am-ը գրում է.

Ամերիա բանկն արդեն անտանելի է դառնում։ Անվերջ թվացող տեխնիկական աշխատանքներն ու անհասանելի հավելվածը իսկական պատուհաս են դարձել բանկի հաճախորդների համար։ Լավ, ինչքա՞ն կարելի է։ Ո՞նց կարելի է այս աստիճան անպատասխանատու գտնվել սեփական հաճախորդների նկատմամբ։
Տեխնոլոգիական դարաշրջանում, որտեղ մարդիկ իրենց ֆինանսական կյանքն իրականացնում են մեկ հպումով, անհասանելի հավելվածն այլևս պարզապես անհարմարություն չէ՝ դա լուրջ խոչընդոտ է։ Մարդիկ չեն կարողանում ժամանակին կատարել վճարումներ, ստուգել հաշիվները, օգտվել իրենց իսկ միջոցներից։

Ամերիա բանկի հաճախորդները արդեն հոգնել են «հարգելի՛ օգտատեր, տեխնիկական աշխատանքներ են ընթանում» դարձած հաղորդագրությունից։ Լավ, ի վերջո ի՞նչ աշխատանքներ են, որ ամիսներով չեն ավարտվում։ Եթե սա թարմացում է՝ ուրեմն արդյունավետ չէ։ Եթե՝ նոր համակարգի ներդրում՝ ուրեմն անհամարժեք կերպով է արվել։ Եթե՝ ուղղակի խափանումներ՝ ուրեմն խնդիրն ավելի խորն է, քան ընդունված է խոստովանել։

Բանկը պարտավոր է ոչ միայն բարձր մակարդակի ծառայություն մատուցել, այլև հստակ, թափանցիկ հաղորդակցվել իր հաճախորդների հետ։ Մարդիկ պետք է իմանան՝ ինչ է կատարվում, ինչու են այդքան հաճախ խափանումներ լինում, և ամենակարևորը՝ երբ է այս ամենն ավարտվելու։

Չափազանց հաճախ բանկերն աշխատում են մենաշնորհային տրամաբանությամբ՝ կարծելով, թե մարդիկ համբերությամբ կընդունեն ամեն ինչ։ Բայց թվային դարում այդպես չի լինում։ Յուրաքանչյուր խափանում հավասար է կորցրած վստահության։ Իսկ վստահությունը վերականգնելը շատ ավելի բարդ է, քան հավելվածը՝ նորոգելը։

Մեկնաբանություն

Որոնում