Ովքեր են Զառա Արամյանը ընտանիքի անդամները. Starnews -ի բացառիկ անդրադարձը

Երջանկահիշատակ Զառա Արամյանի կյանքը ընդհատվեց մեկ օր առաջ, սակայն նրա թողած հետքը շարունակելու է մնալ նրա ընտանիքի և բոլոր նրան ճանաչողների հիշողության մեջ։ Նրա հեռանալը ծանր կորուստ է, հատկապես հարազատների համար, ովքեր այսօր ապրում են կորստի ամենացավոտ օրերը։

Զառա Արամյանը հիշվելու է որպես լուսավոր ու մարդկային կերպար, ում համար ընտանիքը եղել է կյանքի կարևորագույն արժեքներից մեկը։   


Տարիներ առաջ՝ իր հարցազրույցներից մեկի ընթացքում, հաղորդավարուհին բաց ու անկեղծ խոսել էր իր կյանքի, ընտանիքի և այն արժեքների մասին, որոնք միշտ առաջնային են եղել նրա համար։ Հարցազրույցում նա նշել է՝ ուրբաթ 13-ը, որը շատերը կապում են անհաջողության հետ, իր կյանքում դարձել է երջանկության օր․ դեկտեմբերի 13-ին՝ ուրբաթ, ամուսնացել է Արտաշես Գասպարյանի հետ և այդ օրվանից վայելել ընտանեկան երջանկությունը։                                       

Զառա Արամյանը ջերմությամբ պատմել է իր ընտանիքի մասին․
«Մեր ավագ որդին, որը ամուսնուս երեխան է, ինձնից փոքր է ընդամենը 12 տարով։ Մեր հարսանիքի ազապ բաշին է եղել։ Արթուրն այժմ ամուսնացած է, ունի հրաշք կին ու դուստր։ Իսկ համատեղ երկու երեխա ունենք՝ Էլենս և Գուրգենս, մեր ընտանիքի ուրախությունն են», – ասել է նա։ 
Նա ընդգծել է, որ ընտանեկան կյանքում ամենակարևորը պարզությունն ու անկեղծ սերն են, իսկ փոքրիկ, անմիջական հավաքներն ու միասին անցկացրած պահերը շատ ավելի արժեքավոր են, քան ցուցադրական տոնակատարությունները։ Ընտանեկան ներդաշնակության և ամրության գրավականներից Զառան նշել է հումորն ու խաղը, որոնք օգնում են լուրջ իրավիճակները մեղմել և հաղթահարել սիրով։                                                   

Ընտանիքի մասին խոսելիս Զառա Արամյանը անդրադարձել է նաև իր դեռևս անկատար երազանքին։ Asekose.am-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե որն է այն, նա ասել է․ «Դե թոռներ ունենալը…», ևս մեկ անգամ ընդգծելով, թե որքան բարձր ու կարևոր տեղ էր զբաղեցնում ընտանիքը նրա կյանքում։         

Այս խոսքերը այսօր հնչում են առավել խորհրդանշական՝ որպես երջանկահիշատակ Զառա Արամյանի կյանքի և մարդկային արժեքների արտահայտություն, որոնք շարունակում են ապրել նրա ընտանիքի և բոլոր նրանց հիշողության մեջ, ովքեր ճանաչել ու գնահատել են նրան։