Լևոն Արոնյանն առաջին անգամ բացահայտել է՝ ինչ է զգացել առաջին կնոջ՝ Արիանայի կորստից հետո

Օրերս Ամալյա Հովհաննիսյանի հեղինակային «Liferoom» հաղորդման հյուրը աշխարհահռչակ շախմատիստ Լևոն Արոնյանն էր։ Անկեղծ զրույցի ընթացքում նա խոսել է ոչ միայն իր կյանքի ու գործունեության, այլև ամենացավոտ կորուստներից մեկի՝ առաջին կնոջ՝ Արիանայի մահից հետո ապրած ծանր շրջանի մասին։
Հաղորդավարի հարցին, թե ինչպես է կարողացել հաղթահարել այդ դժվարին փուլը, Լևոն Արոնյանը պատասխանել է.
«Եթե հավատում ես Աստծուն, ուզում ես լավ մարդ մնալ, ապա հասկանում ես, որ կյանքում տարբեր բաներ կարող են լինել՝ փոփոխություններ, ողբերգություններ, երկրի ներքին ողբերգություններ։ Բայց ամեն ինչ քո ձեռքում չէ։ Եթե ազնիվ ես, եթե մաքուր մարդ ես, եթե փորձում ես օգտակար լինել երկրիդ, ընտանիքիդ ու շրջապատիդ, այդ ժամանակ դժվարություններով անցնում ես, բայց վերջիվերջո մի օր դուրս ես գալիս այդ ամենից»։
Այն հարցին, թե Արիանայի կորստից հետո երբևէ ունեցե՞լ է զգացում, որ հոգեպես չի կարող վերականգնվել, շախմատիստը պատասխանել է.
«Երբեք։ Դու պայքարում ես և դուրս ես գալիս։ Եթե մնաս այդ ամենի մեջ, ոնց որ աշխարհին վատություն անես։ Մարդը չպիտի իրեն նայի որպես զոհ։ Եթե դու ուժեղ մարդ ես, չպիտի այդպես ապրես»։
Լևոն Արոնյանի այս անկեղծ խոսքերը մեծ արձագանք են գտել համացանցում՝ հուզելով բազմաթիվ մարդկանց։ Նրա մտքերն արտացոլում են կյանքի ամենադժվար փորձությունների հանդեպ ունեցած իր վերաբերմունքն ու այն համոզմունքը, որ նույնիսկ ամենածանր կորուստներից հետո պետք է շարունակել պայքարել և առաջ շարժվել։


















