Ամալյա Հովհաննիսյանի Look and Face նախագծի հերթական հյուրն էր դարձել դերասանուհի Լիանա Վանոյանը, ով զրույցի ընթացքում անդրադարձել էր սիրելիի մասին հարցերին, ինչպես նաև խոսել էր մի շարք այլ թեմաներից։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով կարևոր մանրամասները։
Զրույցի սկզբում Լիանան խոսել էր վերջերս կատարած ստամոքսի վիրահատության մասին ու նշել.
«Ես արդեն հաշտ էի այն արտաքինի հետ, որը ունեի, առողջական բնույթ էր կրում։ ԱՄՆ-ի մեր համերգներից հետո իմ վիճակը կտրուկ վատացավ, ինձ դժվար էր տրվում անգամ առօրյա թեթև գործերը, ու երբ որ ես տվեցի իմ անալիզները, պարզվեց որ եթե հիմա կտրուկ քայլի չգնամ, կարող է ունենամ շաքարային դիաբետ։ Առաջին փուլով մտածում էի առողջությանս մասին ու չէի մտածում, որ շատ մեծ փոփոխություններ են լինելու, բայց հիմա փաստացի 27 կգ փոփոխություն կա ու դեռ շարունակվելու է։ Ես տարբեր ժամանակներում ունեցել եմ սննդակարգով նիհարելու փորձեր, բայց հասկանում էի, որ «դիետա» բառից վախենում եմ։ Հետո պետք էր համարձակություն հավաքել ու հասկանալ, որ ունեմ սննդային վարքի խանգարում՝ հոգեբանական լուրջ խնդիր, որը մեր ազգաբնակչության ու աղջիկների մեծ մասը ունեն։ Այս վիրահատությանը գնալուց առաջ պետք է հոգեպես պատրաստ լինել, որովհետև մարմինը մի բան է ասում, միտքը՝ մի այլ բան։ Վերջապես ազատվեցի այն բոլոր պրոբլեմներից, որոնք իմ առողջության հետ ես էի արել։ Եղավ երկու շաբաթով շատ ծանր դեպրեսիա՝ ընդհուպ, որ մտածում էի, որ ես իմ կյանքը փչացրի։ Դա ամենօրյա սրտխառնոց էր՝ հաջորդող պրոցեսով, բայց դա էլ մաքրվում էր օրգանիզմս ուղղակի»։
Իր խոսքում դերասանուհին նշել էր, որ այս շրջանում իր մոտ փոփոխությունների փուլ է։ Լիանան պատմել էր, որ իրենք վերանորոգել են ծնողների տունը ու դա իր համար շատ կարևոր է.
«Իմաստազրկվում է քո աշխատանքը, երբ դա չեն վայելում այն մարդիկ, ովքեր քեզ ստեղծել են, որովհետև այնպես չի, որ մեր տանը չկային պայմաններ, բայց ես ուզում էի, որ իմ ծնողները ապրեին այնպիսի տան մեջ, որտեղ իրենց գոնե մինիմալ պահանջները կոմֆորտի մեջ կլինեն»։
Դեռ որոշ ժամանակ առաջ բավականին բուռն քննարկվում էին Լիանայի և սիրելիի՝ Ռուբենի հարաբերությունները, ապա նրանց բաժանումը։ Զույգը, սակայն, հաշտվել է և զրույցի ընթացքում Լիանան որոշ մանրամասներ էր հայտնել.
«Իմ կյանքում դժվար շրջանները լինում են շատ արագ, իրար հաջորդող և այդ էտապը կարող է շարունակվել։ Ռուբենը շատ լավ գիտի, որ ժամանակ առ ժամանակ լինում են դրանք։ Ես, ընդհանրապես, իմ տեսակով շատ միասեր անձնավորություն եմ, ինձ համար շատ կարևոր կետեր ունեմ, որ եթե այդ մարդը ունենում է, ես շատ պինդ եմ պահում իրեն, եթե անգամ չշփվենք, ինքը գիտի, որ ես պինդ պահել եմ իրեն։ Մարդկանց մեջ 3 կարևոր կետ կա, որ պետք է համապատասխանի՝ ազնվությունը, անկեղծությունը ու ձգտումը՝ կառուցելու, յուրաքանչյուր հարցում։ Սկզբից է սիրահարվածությունը, շատ մակերեսային էյֆորիա է, հետո կանգնում ես 2 ոտքիդ վրա ու պետք է հասկանաս, թե ում հետ գործ ունես։ Սերը կոնկրետ աշխատանք է։ Բաժանման մեջ երկուսս էլ մեղավոր ենք, ես միշտ մտածել եմ, որ սա վերջն է։ Ես միշտ ասում եմ, մինչև ես ու Ռուբենը ամուսնանանք, իրարից ապահարզան պահանջելու պատճառ չպիտի լինի, որովհետև այնքան բանի միջով ենք անցել, որ ուղղակի հիմարություն կլինի բաժանվելը»։
Միաժամանակ դերասանուհին նշել էր, որ դեռ չեն մտածում ամուսնության մասին.
«Չենք պլանավորում։ Ոչ մի բան իմ կյանքում պլանավորած չի եղել, բացի իմ վիրահատության օրը։ Մենք կամ պիտի ունենանք շատ ամուր ընտանիք կամ պիտի չունենանք»։