Ձեր գովազդն այստեղ

Ասում էին`գալու ենք Լեննականի մեջ ոտերդ ջարդենք… Ովքեր էին Ռուբեն Մխիթարյանին սպառնացողները

  • Dec 04, 2024

Tete A Tete հաղորդաշարի հյուրն այս անգամ Ռուբեն Մխիթարյանն էր։

StarNews-ը հետևեց հաղորդմանն ու Ռուբենի և Մհերի զրույցից առանձնացրեց հետաքրքիր հատվածներ։

Ռուբեն Մխիթարյանն ամենաքննարկվող մեդիադեմքերից է, սակայն միշտ չէ, որ էկրանների առաջ է, նրա գործունեության առավել ծավալուն հատվածը էկրանների ետևում է։

Առաջին թեման քաղաքականությունն էր.

«Ես վեց տարի քննադատում եմ այս իշխանությանը, նյութեր եմ պատրաստում, չի եղել գեթ մի դեպք, որ զրպարտության հայցով մարդիկ դիմեն՝ իրենց իսկ ստեղծած արդարադատության»։

Արդյոք՞ ճիշտ է, որ Ռուբեն Մխիթարյանի քաղաքական կոնտենտի ետևում կանգնած է քաղաքական ուժ` ի դեմս Միքայել Մինասյանի։

«Իմ ստեղծած քաղաքական կոնտենտի ետևում կանգնած եմ ես։ Իմ քաղաքական կերպարի թիկունքում կանգնած է իմ կենսագրությունը, իմ ապրածը ու իմ պատկերացումները, իմ կողքը կանգնած են միմիայն իմ ընկերները: Միքայել Մինասյանն իմ ընկերն է։ Իմ ընկերն է եղել մինչև 2018 թվականը, իմ ընկերն է մնացել 18թվականից հետո և մինչև հիմա էլ իմ ընկերն է։ Ես իմ ընկերոջը չեմ տեսել մոտ 4 ու կես տարի արդեն։ Տարվա ընթացքում : մենք հեռախոսով խոսում ենք երևի երեք կամ չորս անգամ ՝ անձնական հարցերով։ Ես իմ ընկերներին չեմ ընտրել ըստ  քաղաքական նպատակահարմարության և չեմ էլ հրաժարվել քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Գյումրիի հայաթներում մեծացած մարդ եմ, ով երբ սկսում է ընկերություն անել, նշանակում է , որ ինչ-որ իրար կապող՝ ինտելեկտուալ, մակարդակային, դաստիրակչական ինչ-որ մի բան կա,որը կապում է միմյանց։ Ես դրանից չեմ կարող հրաժարվել միայն նրա համար, որ դա ինչ-որ մարդկանց կարող է դուր գալ կամ չգալ։ Իմ կյանքն ընդհանրապես չեմ ապրում ինչ-որ մեկին դուր գալու կամ չգալու համար։

Ես ամեն ինչ-անում եմ, լեննականի բարբառով  ասված, իմ խղճի գյորա։ Ուզում եմ հանգիստ ապրել այն երկրում, որը չեմ պատրաստվում լքել, որի համար ցավում եմ։

Եթե ես ցանկանայի որդիս չծառայեր, կգտնեի ձև, ինչպես գտնում են հիմիկվա օրվա իշխանության պատգամավորները։ Ես իմ տղուն ուղարկել եմ բանակ այն դեպքից հետո, երբ մի տան մեջ 15 երիտասարդ այրվեցին։ Բա իմ տղան պիտի գնա ծառայի, բա ինչի համար եմ ես այդ ամեն ինչը խոսում։ Իմ տղան հիմա ծառայում է Ջերմուկում, որը Հայաստանի ամենավտանգավոր սահմաններից մեկն է։ Ես հավատում եմ այն պայքարին ու կռվին, ինչի մեջ հիմա կամ»։

Խոսեց նաև սպառնալիքների մասին.

«Կար ժամանակահատված, որ Գելենվագենի դեմը կանգնած ինչ-որ տղեք ասում էին` գալու ենք Լեննականի մեջ ոտերդ ջարդենք։ Կամ այդ Գելենվագեննա ճանապարհին փչանում, տեղ չեն հասնում կամ իրենք ուղղակի օդ են»։

Ռուբեն Մխիթարյանը հորդորեց.

«Եթե իմ քննադատությունները ձեզ խոցել են, կամ ձեր էմոցիաների հետ են խաղացել , խնդրում եմ անջատեք իմ կերպարը և լսեք նյութն ու բովանդակությունը։ Եթե դա ձեզ խոցել է՝ կներեք։ Ես երբեք ձեզ չեմ անվանել ժեխ, զոմբի, բայց եթե նույնիսկ ասել եմ`կներեք։

Ես էլ պատրաստ եմ ձեզ ներելու, որովհետև 2018թվականին մարդիկ դուրս չեն եկել փողոց, որ  Արցախը հանձնվի։ Մարդիկ դուրս են եկել փոփոխությունների ու ավելի լավ կյանքի համար։ Մարդ կա ընդունել է ,մարդ կա պնդաճակատորեն շարունակում է կռիվ տալ»։

Մեկնաբանություն

Որոնում