Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Աջափնյակում․ ի՞նչ է հայտնի տուժածների մասին

Փետրվարի 18-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցներից վիրավորված քաղաքացիների առողջական վիճակը շարունակում է մնալ անփոփոխ։

Այս մասին NEWS.am-ին հայտնել է «Արմենիա բժշկական կենտրոն»-ի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։

«Այս պահին հիվանդանոցում են 5 հոգի, որոնցից ոչ մեկը վերակենդանացման բաժանմունքում չէ։ Նրանք գտնվում են տարբեր բաժանմունքներում։ Վիճակները գնահատվում են միջին ծանրության կամ կայուն ծանր։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ չունենք»,– նշել է նա։

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 18-ին կրակոցներ են հնչել Աբելյան փողոցի 9 հասցեում։ Դեպքը, որը շատերը համեմատում են մարտաֆիլմի տեսարանների հետ, ուղեկցվել է փոխադարձ կրակահերթով․ համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց ուղղությամբ։

Դեպքի վայրից հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր բուժհաստատություններ է տեղափոխվել 10 քաղաքացի։ Տարածքում հայտնաբերվել են ինքնաձիգից և ատրճանակից արձակված մի քանի պարկուճներ, արնանման հետքեր, դանակ, ինչպես նաև «Lexus» մակնիշի ավտոմեքենա՝ կրակոցի հետքերով։

Հիշեցնենք, որ վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեք տուժածների վիճակը ծայրահեղ ծանր էր, ևս երեքինը՝ ծանր։

Դեպքի առթիվ իրավապահները շարունակում են քննությունը՝ պարզելու միջադեպի բոլոր հանգամանքները։

Նյութը՝ այստեղ։