Դերասան Սոս Ջանիբեկյանը վերջին շրջանում հաճախ չէ, որ մասնակցում է շատ հարցազրույցների, սակայն օրեր առաջ թողարկվեց «Deep parenting» հաղորդման հերթական մասը, որի հյուրը Սոս Ջանիբեկյանն էր։
Զրույցն ընթանում է ծնողավարության, երեխա ծնող կապի և հարաբերությունների մասին։
Դերասանը խոսեց դստեր ծնունդից հետո իր հույզերի, կյանքում եղած փոփոխությունների և ամուսնալուծությունից հետո լավ հարաբերություններ պահպանելու մասին։
«Մինչև Անաիսի ծնունդը, Էնքան քաոտիկ էր իմ կյանքը՝ արվեստագետին բնորոշ՝ լղոզված, որ Անաիսի ներկայությունը աստիճանաբար հավաքեց այն։ Հետո հասկացա, որ ազատությունը իրականում սահմանների մեջ է, ասահման ազատությունը քաոս է:
Սկզբնական շրջանում ես բարդույթավորվում էի, ունեի մեղքի զգացողություն, որովհետև ինձ փորձում էի ինչ որ կարծրատիպային ծնողի կերպարում դնել, և էդ կարծրատիպերի մեջ դու սայթաքում ես ու սխալներ ես թույլ տալիս, դու սկսում ես ձեռք բերել մեղքի զգացողություն:
Դժվարություններ և հիասթափություններ եղան, և ինձ հանգստացրեց միայն էն գիտակցումը, որ ինքս ինձ ասացի` Սոս ջան, դու էլ էս առաջին անգամ ծնող, հանգստացի:
Մայրս, առանց որի գոյությունս ընդհանրապես չեմ պատկերացնում իմ կյանքը, ընդհանրապես շատ օգնեց այդ փուլում : Մայրս եթե չլիներ, իմ և դստերս կապն էլ երևի այդքան ուժեղ չէր լինի, էդ ճաշիկներ սարքելը, շորերը լվանալը, արդուկելը ու նմանատիպ այլ հարցերում ինձ շատ էր օգնում, ու էդ կապն արդեն եռակողմ է`ես, աղջիկս ու մայրս, այն ժամանակ նաև տատիկս, որ կար նա։ Նրանք իմ կյանքը 3 կարևոր կանայք էին ու էդ էներգիաները շատ հավես ու պարտավորեցնող էին: Էդ էն կղզիներն էին, որտեղից ես իմ քաոտիկ կյանքում անընդհատ բռնվել եմ»,- նշեց դերասանն ու հավելեց.
«Երբ ես իմացա, որ երեխա եմ ունենում, շատ անպատրաստ էի հայր դառնալ, և այդ լուրն ու պատասխանատվությունն ինձ համար իրականում մեծ սթրես էր: Բայց սթրես էր, ոչ թե որ վատ կամ լավ բան է լինում, առանց որակավորելու, ինձ համար սթրես էր, որովհետև ինչ-որ մի բան է լինում, որը երբեք չեմ իմացել` ինչ է: Երբեք դրա փորձը չեմ ունեցել, ու միշտ վախեցել եմ այդ պատասխանատվությունից, իմ ազատության կորստի վտանգից, որ լիքը բաներ եմ կորցնելու, երբ ունենամ երեխա: Ծնող լինելը շատ դժվար բան է: Անաիսը փոխեց այն, որ հասկացա, որ ծնող լինելուց կատարյալ բան չկա, որը քեզ հանգեցնում է դիսցիպլինայի»,- զրույցի ընթացքում նշել էր Սոս Ջանիբեկյանը:
Դերասանը նաև հավելել էր, որ ինքն ու նախկին կինը շատ լավ հարաբերությունների մեջ են.
«Մենք շատ լավ շփվում ենք երեխայի հետ կապված բոլոր հարցերում։Իհարկե, շատ ցավոտա, որ երեխան մեծանում ա բաժանված ընտանիքում։ Շատ ցավոտ բան ա երեխայի համար, ես ու նրա մայրիկն, որ շատ լավ շփվում ենք, շատ լավ հարաբերությունների մեջ ենք, մենք մեզ մխիթարում ենք, որ մեզ Անաիսը հենց սենցա տեսել դա չի եղել գիտակցական տարիքում, որ Անաիսը սթրես տանի։ Դժվարություններից մեկը այն ա, որ մի տեղ չարգելեն ինչոր բանը, մյուս տեղում թույլ տան։ Ես ու Մադոննան միշտ պայմաննավորվում ենք խոսում ու քննարկում ենք ամեն բան»։