«Տիկին Աննան իր հերոսական կերպարով մեզ ապրեցնում էր»․ քառօրյա պատերազմի մասնակիցը Աննա Աբաջյանի մասին

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Նորայրը, ով ներկա էր Աննա Աբաջյանի հոգեհանգստին, կիսվել է իր հուզիչ հիշողություններով և խոսքերով։
Նա նախ իր ցավակցությունն է հայտնել Աբաջյան ընտանիքին՝ նշելով, որ այս կորուստը միայն ընտանիքինը չէ, այլ բոլորինն է, ովքեր ճանաչում էին նրանց։ Նորայրի խոսքով՝ Ռոբերտ Աբաջյանը իր կյանքով ապացուցեց, որ հայրենիքի համար տարիքը նշանակություն չունի։
«Նա ընդամենը 19-20 տարեկանում բոլորիս ցույց տվեց, որ հայրենիքի համար անձնազոհությունը ամենակարևորն է», — նշել է նա։
Խոսելով տիկին Աննայի մասին՝ Նորայրը ընդգծել է, որ նրան ճանաչում էր շուրջ 10 տարի, սակայն չի կարողանում նրա մասին անցյալով խոսել։
«Նրա ջերմությունը, բարի խոսքերն ու խորհուրդները միշտ մեզ հետ են։ Լուսավոր մարդ էր… Շատ անժամանակ էր նրա մահը, մեծ ցավ է բոլորիս համար։ Սիրտս չի դիմանում խոսել…», — ասել է նա հուզված։
Նա նաև հավելել է, որ Աննա Աբաջյանը հայրենիքին տվել է հերոս զավակ, և հենց նրա դաստիարակությունն էր, որ ձևավորել է Ռոբերտ Աբաջյանի կերպարը։
«Նրանք հայրենիքի համար սուրբ մարդ են դաստիարակել ու տվել։ Տիկին Աննան իր օրինակով մեզ ուժ էր տալիս, իսկ Աբաջյանի հերոսական կերպարից պարզ է դառնում, թե ինչ մեծ արժեք է նա տվել մեր հայրենիքին», — եզրափակել է Նորայրը։

















