Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական ռազմական գործողությունները ձեռնարկեց Արցախի ու արցախահայության նկատմամբ։ Փորձագետները թշնամու այս գործողությունները որակեցին որպես ցեղասպանություն, որին զոհ գնացին խաղաղ բնակիչներ ու անմեղ երեխաներ։ 100.000-ից ավել արցախցի բռնագաղթեց՝ թողնելով տունն ու հայրենիքը։
Իրավիճակի սրման հենց առաջին օրերից բազմաթիվ հայեր՝ Հայաստանում ու արտերկրում, ձեռնամուխ եղան Արցախի մեր հայրենակիցների օգնությանը՝ կազմակերպելով դրամահավաքներ, ինչպես նաև՝ հումանիտար օգնություն։
Առանձին նախաձեռնությամբ հանդես եկավ դերասանուհի Անաիս Սարդարյանը՝ հավաքագրելով առաջին անհրաժեշտության իրեր, և գնալով նախաձեռնության մասշտաբները մեծացան ու դրան միացան նաև մի շարք հայ հայտնիներ։
Երգիչ Ռազմիկ Ամյանն առաջիններից էր, ով իր մասնակցությունն ունեցավ նախաձեռնությանն ու սննդի տեսքով օգնություն ուղարկեց բռնի տեղահանված արցախցիներին։ Ռազմիկը նաև անձամբ այցելել էր սննդի հավաքագրման կետ ու հանդիպել կամավորներին։
Երգիչ Արկադի Դումիկյանը նույնպես մեծ քանակով՝ ինչպես Անաիսն էր իր խոսքում նշել «մի ֆուռ» պարեն էր ուղարկել հավաքագրման կետ։
Երգչուհի Սոնա Ռուբենյանն էլ անձնական մեքենայով էր օգնություն հասցրել, իսկ նրա ներկայությունը մեծ ոգևորություն էր առաջացրել կամավորների շրջանում, ովքեր երգչուհուն տեսնելով սկսել էին կատարել նրա երգերից մեկը։
Արցախահայությանն օգնելու գործի շուրջ համախմբվել էին աշխարհի տարբեր երկրներում բնակություն հաստատած հայերը։
Երգչուհի Շպռոտը դրամահավաք էր կազմակերպել հենց ԱՄՆ-ում և ընդամենը օրեր առաջ նա եկավ հայրենիք՝ հավաքված գումարն անձամբ արցախցիներին փոխանցելու։ Երգչուհին նաև տեսանրութեր էր հրապարակել և ցույց տվել, որ քաղցրեղեն է գնել և տարել Անաիսի կազմակերպած սննդի հավաքագրման կետ՝ արցախցի բալիկների համար։
ԱՄՆ-ում բնակություն հաստատած մեկ այլ երգչուհի՝ Լիլուն էլ նշել էր, որ ամերիկահայերի հավաքած գումարը՝ 2500 դոլար, ուղարկելու է Անաիսին, որպեսզի վերջինս ապահովի տեղահանվածների սննդի հարցը։
Նշենք, որ այս պահին էլ օգնության հավաքագրումը շարունակվում է, նախաձեռնությանը միացել են նաև մի շարք կազմակերպություններ ու անհատներ, ինչպես նաև բազմաթիվ կամավորներ։