Տևական ժամանակ է, ինչ երկար տարիների «Չէին սպասում»-ի կազմը փոխվել է, և այսօր բավականին ռեյթինգային ծրագրում Սուրենին փոխարինում է Վահան Միրաքյանը: Սուրենը երեկ իր հարցազրույցում նշել է կոնֆլիկտի մասին, ապա հավելել, որ վստահ է, որ բարդ է Վահանի համար.
«Այդ տղան իմ պիտակումով պետք է մի քիչ ուղղությունը փոխի, որովհետև ես այլ կերպ էի վարում, և հիմա իմ դերում գտնվելը շատ բարդ է»:
Այս և հաղորդման հետ կապված այլ հարցերի շուրջ StarNews.am-ը կապ հաստատեց Վահանի հետ, ով նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ հարցազրույցի մասին է խոսքը, իսկ հարցազրույցին ծանոթանալուց հետո էլ չցանկացավ մեկնաբանել Սուրեն Շահվերդյանի խոսքերը:
Փոխարենը նա պատմեց հաղորդաշարում իր ներգրավվածության որոշման ու ստացած առաջարկի մասին.
«Առաջարկը շատ անսպասելի էր: Ամեն ինչ կսպասեի` բացի այդ առաջարկից: Շնորհիվ Դավիթի` հասցրել եմ այն շատ արագ իմը դարձնել հաղորդումը և սիրել եմ առաջին իսկ վայրկյանից: Իսկ թե ինչու հենց ես, առավել ճիշտ կպատասխանի հաղորդման հեղինակ և պրոդյուսեր Դավիթ Վարդանյանին»:
Վահանը խոսեց հաղորդման հյուրերի և դրանց ընտրության մասին.
«Կարևորում եմ ցանկացած ոլորտի ներկայացուցչի մասնակցությունը հաղորդմանը, և փորձում եմ առավելագույնս բացահայտել նրանց»:
Այն հարցին` արդյոք հեռուստադիտողը հասցրե՞լ է նրան սիրել այս հաղորդման մեջ: Ի՞նչ են «պատմում» առհասարակ մեկնաբանությունները, Վահանը նկատեց.
«Հեռուստադիտողի և՛ սերը, և՛ ատելությունը դեռևս զգում եմ, բայց բարեբախտաբար և ի ուրախություն ինձ` կարծես թե սերը գերակշռում է»,- StarNews.am-ի հետ զրույցում խոստովանեց հաղորդավար Վահան Միրաքյանը: