Ֆրանսիայում այս օրերին ընթանում է Կաննի միջազգային կինոփառատոնը, որի հիմնական մրցույթում ներկայացված է 22 ֆիլմ:
77-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում երեկ կայացավ ամերիկացի կինոռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմ, որում ներգրավված են նաև հայազգի դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը։
Ողջ համացանցն իր ջերմ խոսքերն էր հղում և շնորհավորում Վաչեին`նշելով, որ սա պատմական փաստ է:
«Վաչ ջան, ուրախությունից ու հպարտությունից գոռում եմ»,- գրել է Արամ MP3-ը ֆեյսբուքյան իր էջում:
«Հպարտ եմ, ահավոր, անասելի ուրախ,ապրես, շնորհավոր, ախպերս»,- գրել է Վաչեի ընկեր, ռեժիսոր Արման Սարգսյանը:
Նշենք, որ ֆիլմում Անորան՝ Բրուքլինից երիտասարդ մարմնավաճառուհին, ստանում է հնարավորություն «Մոխրոտի» պատմվածքն իր կյանքում ապրելու, երբ հանդիպում է օլիգարխի որդու և ամուսնանում նրա հետ: Երբ լուրը հասնում է Ռուսաստան, նրա «հեքիաթը» վտանգի տակ է հայտնվում, քանի որ ծնողները մեկնում են Նյու Յորք՝ ամուսնությունը չեղյալ հայտարարելու համար: