Շտապ.Անաիս Սարդարյանի հայտարարությունը

  • May 11, 2024

Դերասանուհի Անաիս Սարդարյանն իր ինստագրամյան էջում գրել է.

«Սիրելի´ հայրենակիցներ,

երեկ պայքարի հարթակից հնչեցրած որոշ ձևակերպումներիս հետ կապված պարզաբանման անհրաժեշտությունն ակներև է:

Իհարկե, իմ հնարավոր բացթողումից փորձում է օգտվել իշխանական քարոզչամեքենան ինձ վերագրելով ինչ-որ «ռասիստական ձևակերպումներ» և մեղադրելով ինձ իբր ատելության խոսք հնչեցնելու կամ հասարակության մաս կազմող տարբեր խմբերի ու նույնիսկ ազգերի վերաբերյալ խտրական վերաբերմունք արտահայտելու կոչեր: Ցավում եմ, որ քարոզչական այս հնարքն ազդել է մի շարք ազնիվ քաղաքացիների վրա:

Ես երբեք ներհասարակական բաժանարար որևէ գիծ ընդունելի չեմ համարեկ, միշտ եղել և մնում եմ համերաշխության, համախմբման կողմնակից: Հենց ա´յս մոտեցումն է ինձ մղել միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարի, որը քարոզում է հաշտություն և համերաշխություն:

Իհարկե, ինչպես շարժմանը միացած յուրաքանչյուր մարդ, ես նույնպես ծայրահեղ դժգոհ եմ իշխանությունների վարած քաղաքականությունից, վրդովված եմ այն տարանջատումներով ու բաժանումներով, որոնք այս իշխանությունները կարողացել են ձևավորել կամ խրախուսել: Հենց սրանո´վ էր պայմանավորված կոչս, որ սևի ու սպիտակի բաժանումներ կատարած ուժը, եթե անգամ իրեն համարում է սպիտակ, թողնի մեզ «սև ժողովրդիս» ու հեռանա: Կրկնում եմ խոսքը բացառապես «սպիտակ» իշխանությունների մասին է:

Նույն համատեքստում հնչեցրել եմ նաև «հայեր և ո´չ հայեր» ձևակերպումը: Այս դեպքում խոսքը ո´չ թե ազգության մասին է, այլ տեսակի:
Եթե լսել եք ամբողջ ելույթը, ես բավական վրդովված արձագանքում էի իշխանական թևից հնչող կեղտոտ մեղադրանքներին ու պիտակավորմանը:

Երբ էկոնոմիկայի նախարարի կինն իրեն թույլ է տալիս մարդկանց կոչել «անասուն», պատահաբար ԱԺ պատգամավոր դարձած մարդիկ փորձում են մարդկանց համոզել, թե հրապարակում «նարկոբարոններ» են հավաքվել և դու այդ ամենը լսում ես հենց հրապարակում, դժվար է չարձագանքելը: Հենց այս կետից պետք է դիտարկել «հայ և ո´չ հայ» ձևակերպումը, որովհետև ես հարթակից հայտարարեցի, որ հրապարակում հավաքված չեն նարկոբարոններ ու հանցագործներ, ժողովրդին հարց ուղղեցի, թե ովքե՞ր են հրապարակում ու հնչեց պատասխան. «Հայե´րը»: Անմիջապես հետո և միայն այդ կոնտեքստում ես հնչեցրի, վոլորիդ հայտնի միտքը, որը բացարձակապես Հայաստանում ապրող մարդկանց ազգության հետ կապ չուներ:

Ես մեծագույն ակնածանք ունեմ մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների հանդեպ, որևէ կերպ չեմ առանձնացնում մեզնից ու համարում եմ նրանց իմը նույնքան, որքան հայերին:

Նորից եմ ուզում ընդգծել, որ «հայ և ո´չ հայ» ձևակերպումն ընդամենը տեսակի նկարագրության համար է արվել, քանի որ իմ ժողովրդին այսքան ցավ ու տառապանք պատճառած ուժին ես հայ համարել չեմ կարող անկախ նրանից, որ այդ մարդիկ ունեն հայկական ազգանուններ:

Առանձին ուզում եմ դիմել Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին և ներողություն խնդրել, քանի որ իմ խոսքն, անկախ իմ կամքից, այդ մարդկանց կարող է հասած լինել համատեքստից կտրված ու նենգափոխված տարբերակով: Վստահ եմ ինձ ճանաչող մարդիկ կփաստեն, որ իմ խոսքը չի կարող ունենալ հետին որևէ միտք, հատկապես այլազգիների նկատմամբ որևէ վերաբերմունքի արտահայտում բացառությամբ դրականի:

Միշտ Ձեր

Անաիս Սարդարյան»:

Մեկնաբանություն

Որոնում