Դեբեդ գետի վարարման հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով զոհերի թիվը հասել է 4-ի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՏԿԵ նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանը։ Նա նշել է, որ ջրհեղեղի հետևանքով ընդհանուր առմամբ մոտ 17 կամուրջ է փլվել։
«Դրանց մի մասը համայնքային նշանակության փոքր կամուրջներ են, բայց առնվազն 5-6 կամուրջ ունենք, որ բավականին խոշոր կամուրջներ են, և մեզանից մեծ ջանք ու ժամանակ կպահանջվեն դրանց վերականգնման համար»,-ասել է նա՝ ավելացնելով, որ կամուրջների փլվելը ստեղծել է լուրջ կապի խնդիր մի շարք բնակավայրերի հետ:
Նրա խոսքով, Դեբեդ գետի մակարդակն իջել է, ինչը հնարավորություն է տալիս պոմպերի միջոցով բակեր լցված ջուրը տեղափոխել գետ։
Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի: Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ գետից դուրս է բերվել Հաղթանակ բնակավայրի բնակիչ (1948 թ.) Ավագ Ավագյանի դին։ Շնող գյուղի մոտակայքում գետից դուրս է բերվել Սարիբեկ Բալյանի (1985 թ․) դին:
Մայիսի 26-ին էր լրացել Նոյեմբերյան համայնքի Դեղձավան գյուղի բնակիչ Սարիբեկ Բալյանի 39-ամյակը։ Իր ծննդյան օրը նա խեղդվեց Շնող գյուղի մոտ, երբ աշխատանքից տուն էր վերադառնում։ Այս մասին հայտնում է Ոսկան Սարգսյանն ու մանրամասնում, որ Սարիբեկը ռեստորանում մատուցող էր աշխատում։ Նա անչափահաս 2 երեխաների (տղա և աղջիկ) հայր էր։
Գրառման ներքո նրան ճանաչողները Սարիբեկին ներկայացնում են որպես բարի, օրինապաշտ մարդ.
«Վայ Աստված ջան չեմ ուզում հավատամ,ինչքան լավ մարդ էիր դու,ցավակցում եմ ընտանիքի անդամներին»։
«Հազար ափսոս…ցավակցում եմ բոլորիս. սպասարկման ոլորտի աշխատակցի կորուստը բոլորինս է,այն էլ այս կարգի Մարդու`բարի,օրինապաշտ, դաստիարակված…այս շարքն անվերջանալի է…»։