EXCLUSIVE. Առաքելությունս հայկական հարուստ ժառանագությունը աշխարհով մեկ տարածելն է. Սարինա Քրոս
Jun 07, 2024
Փառահեղ բեմեր նվաճած և աշխարհին հայկական խոսքը փոխանցող տաղանդաշատ գեղեցկուհի Սարինա Քրոսը պատմել է իր անցած ուղու, հայկական մշակույթի առանձնահատուկ դերի և պատմական դրվագների մասին։
– Սարինա, Ձեր փոքր ինչ միստիկ կերպարը շարժել է հայ հանդիսատեսի հետաքրքրությունը։ Կպատմե՞ք Ձեր մասին։
– Ծնվել և մեծացել եմ հայկական ընտանիքում՝ Բեյրութի հայկական համայնքում․ ինչպես ես սիրում եմ ասել՝ տարբեր մշակույթների խաչմերուկում։ Հայրս ևս երաժիշտ է եղել, և ինձ ոգեշնչել երաժշտական ուղու ընտրության հարցում։ Իսկ հետագայում Հունաստանը նոր դռներ բացեց իմ առաջ ու դարձավ նոր ճամփորդության սկիզբը։
– Մենք գիտենք, որ Դուք կատարում եք 10-ից ավել լեզուներով, շրջագայում բազմաթիվ երկրներում ու մասնակցում միջազգային հեռուստանախագծերի։ Ինչ տեղ է զբաղեցնում Հայաստանն ու հայկական մշակույթը Ձեր հագեցած կյանքում։
– Իսկապես, իմ կատարումները բազմալեզու են․ կհանդիպեք արևելյան մեղեդիների տարբեր միքսերի, քանի որ այն վառ արտահայտված ազդեցություն է ունեցել ինձ վրա։ Կհանդիպեք նաև հունական կատարումների։ Բայց իմ երաժշտական ինքնությունը ձևավորել են հայկական ժողովրդական երգերը, հայկական ժառանգությունը։ Դա է պատճառը, որ կյանքիս բոլոր նշանավոր հնարավորություններն օգտագործել եմ հայկական երգերի կատարման համար, որ մի քայլ ավել է մոտեցնում ինձ իմ հայկական արմատներին։
– Կուզենայինք խոսել այդ փառահեղ դրվագներից մեկի մասին, որ մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում։ Խոսքը Աթենական Հրոդեոնի մասին է։ Կպատմե՞ք մի փոքր։
– Իրավամբ դա պատմական պահ էր․ Հրոդեոնի աշխարհահռչակ բեմից հնչում էր հայ խոսքը։ Մի բեմ, որտեղ ելույթներ են ունեցել լեգենդար երաժիշտներ Ֆրենկ Սենատրան, Մարիա Կալասը, Լուչիանո Պավարոտին, մի տեղ, որտեղ այցելում են բազմահազար զբոսաշրջիկներ, հնչում էր հայկական «Բինգյոլը», որի խորությունն ու ուժը հասավ լսարանին՝ անցնելով տարբեր մշակութային և աշխարհագրական սահմանները։ Դա մեծ հպարտություն էր։
– Հետաքրքիր է, որ Ձեր միլիոնավոր դիտումներ գրանցած կատարումները հայկական ֆոլկ ժանրից են և Դուք, լինելով այսքան երիտասարդ, պահում եք այդ գիծը։
– Կարծում եմ հայկական ֆոլկը ներկայումս ռենեսանս է ապրում։ Շատ կատարողներ են իրենց երգացանկում ներառում ժողովրդական երգերը և դա գովելի է, քանի որ դրանով հարգանքի տուրք ենք մատուցում անցյալին՝ ընդունելով ներկան։ Սակայն երբեմն կատարումների այդ արդուզարդը, տարբեր էքսպերիմենտները թույլ չեն տալիս վայելել դրանց բնական վիճակում ազդեցութունը, որով ավելի հաղորդակից են մարդկանց։
– Ձեզ հատկապես մեծ ճանաչում է բերել հույն աշխարհահռչակ երաժիշտների հետ հայտնի հեռուստանախագծում Ձեր համատեղ կատարումները։
– Այո, պիտի նշեմ, որ դա նոր էջ էր իմ կյանքում։ Հեռուստանախագծից հետո, Կոստանտինուս և Մաթեոս Ծախուրիդիս եղբայների հրավերով մասնակցեցի նաև Ռոդեո կղզում կայացած համերգին իբրև հատուկ հյուր և հնարավություն ունեցա այդ զարմանահրաշ բեմից հնչեցնելու «Դլե Յաման», «Թամամ Աշխարհ», «Բինգյոլ»կատարումները։ Դա ֆանտաստիկ էր։
– Եվ ուրեմն կարելի է պնդել, որ Դուք հայկական երգի դեսպանն եք միջազգային ասպարեզում։ Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր այդ դերին։
– Դա մեծ պատիվ և միաժամանակ մեծ պատասխանատվություն է։ Որպես հայ երաժշտության ջահը կրող հայ մարդ՝ ես ձգտում եմ ներկայացնել մեր մշակույթը իր ամբողջ խորությամբ ու հմայքով, ուզում եմ ոգեշնչել մյուսներին ծանոթանալ ու գնահատել հայկական երաժշտությունը, տեսնել նրա գեղեցկությունն ու նշանակությունը:Առաքելությունս եմ համարում կառուցել կամուրջներ և մեր հարուստ ժառանգությունը իր ամբողջ շուքով կիսել աշխարհի հետ:
– Հայ հանդիսատեսը պետք է սպասի՞ Ձեզանից նորությունների։
– Անշուշտ։ Հստակ կան անելիքներ և դրանք շատ սպասեցնել չեն տա։ Առանց փակագծեր բացելու, ասեմ, որ հայ հանդիսատեսին կուրախացնեմ հենց հայրենիքումս՝ Հայաստանում։