Խուժանապետություն, բառդակ, անդաստիարակ պահվածք. հայտնիների արձագանքը`Մերձավանի սկանդալային դեպքերին

Join Telegram
  • May 15, 2025

Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի դպրոցում աշակերտներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել պատմության ուսուցչուհու դեմ։

Ակցիայի մասնակիցները նշել են, որ ուսուցչուհի Ռոզա Դավթյանը 6 ամիս է, ինչ դասավանդում է դպրոցում, և վիրավորում է աշակերտներին, ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին, քարոզում է սիրել թուրքերին:

Դե իսկ դպրոցի աշակերտների ժարգոնային խոսելաձևը «Հորս արև» ասելն ու ծնողների ծիծաղից «ուշագնաց» լինելը մի ուրիշ անհանգստության ալիք է բարձրացրել համացանցում:

Հայ հայտնիներից ոմանք իրենց ինստագրամյան սթորի բաժնում անդրադարձ են կատարել աղմկահարույց դեպքին: Տարբեր մտքեր արտահայտելով`միևնույն է, նրանք կիսում են նույն կարծիքը`չի կարելի ուսուցչի հետ նման կերպ վարվել, անկախ իրադարձությունների մանրամասներից` հայտնիները դեպքերը բռնություն են որակել ուսուցչի հանդեպ:

Ամերիկաբնակ երգչուհի Շպռոտն իր զարմանքն է արտահայտել`նշելով, որ իրականում մի բան արել է ուսուգչուհին, որ նման վերաբերմունքի է արժանանում, սակայն շտապել է հավելել, որ առավել անհանգստացնողը երեխաների պահվածքը, բառապաշարն է և որ ամենակարևորն է`ծնողների ծիծաղն իրենց երեխաների սարսափելի վարքագծին:

Լրագրող Անի Քոչարն էլ կիսվել է իր կարծիքով`նշելով, որ սա մեր հավաքական կերպարն է, մենք ազգովի պարտվել ենք:

Լրագրողի խոսքով սա այն ծնողների երեխաներն են, ովքեր տիկտոկյան և ինստագրամյան հարթակում հետևում են աղբի, դիտում են մարմնավաճառների տեսանյութեր, հրճվում են, իսկ սերունդն էլ տեսնում ու կրկնօրինակում է:

Հաղորդավար Արա Ղազարյանը շեշտեց.

«100 տոկոսանոց խուժանապետություն ա: Խորհրդարանում բառդակ ա, դուք գյուղի դպրո ի վրա ե՞ք զարմանում: Ինչպիսին վարչապետն ա, այնպիսին խորհրդարանն ա,նույնպիսին թաղապետարաննա, բնականաբար` նույն կարգի էլ դպրոցը պետքա լինի: Թե բա կրթվելը նորաձևա: Էս կադրերը նայելով ուզում ես հետ տաս բոլորի դեմքին: Վյախք»:

Դերասանուհի Սիլվի Բարկովան իր ապրած  ցավն է ներկայացրել հետևորդներին`հիշելով, որ ինքը ևս ունեցել է ուսուցիչներ, ովքեր միգուցե  իրենց «խնդիրներով» կիսվել են աշակերտների հետ, ինչը համազգային խնդրի չի վերածվել:

«Ժողովուրդը կործանվումա գիտության պակասից»,- նշել է նա:

Հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը դաստիարակության բացակայություն է անվանել այս ամենը.

«Իմ կարծիքով, մենք հասել ենք մի կետի, որտեղ երեխաները կարող են ազատորեն վիրավորել ուսուցիչներին, իսկ ամենավատն այն է, որ երբեմն ծնողները ոչ միայն չեն նկատում այս անընդունելի վարքը, այլ նույնիսկ՝ հպարտանում են դրանով։ Սա խոսում է ոչ միայն դաստիարակության բացակայության, այլ նաև ընտանիքի կողմից սահմանների, հարգանքի և պատասխանատվության գաղափարների կորուստի մասին։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են աշակերտները՝ անդաստիարակ պահվածքով, վիրավորական և փողոցային խոսքերով վերաբերվում իրենց ուսուցչուհուն։ Սա պարզապես անհարգալից վարք չէ՝ սա լուրջ ճգնաժամ է մեր կրթական համակարգում և հասարակական արժեհամակարգում։

Դաստիարակությունը սկսվում է տնից, և ամեն մեկը պետք է պատասխանատվություն կրի իր պահվածքի ու դրա հետևանքների համար։ Եթե հարգանքը բացակայում է, արժեքներն էլ կմարեն»։

Հավելենք, որ ավելի վաղ թեմային անդրադարձել էր շոումեն Արամ Մելիքյանը, ով նշել էր, որ դեմ է ուսուցչին ուղղված բռնությանը: Արամը հայտնել էր, որ 1000 դոլար է ինքն իր ընտանիքի կողմից նվիրում բռնության ենթարկված  ուսուցչուհուն:

«Ես դեմ եմ միշտ եղել բռնությանը, որ ուսուցչի դեմ կարա լինի կամ ուսուցիչը բռնության ենթարկի: Չգիտեմ ես` իրականում ինչա եղել, բայց էդ էրեխեքի արածը նորմալ չի: Ես շատ բաց, ազատ մարդ եմ, բայց մենք ունենք ավանդույթներ, որենք եթե մենք խախտում ենք, ուրեմն մենք հայ չենք լինելու: Մենք հայ ենք ու էս ամեն ինչը մեր հետ կապ չունի: Էդ կնոջ դեմքով լիքը ուրիշ ուսուցիչներ են, որ մեր էրեխեքին ծնող են: Ես էդ կնոջը չեմ ճանաչում, չգիտեմ կոնտակտ: Բայց ուզում եմ մենք էլ իրան աջակցենք: Ուզում եմ`ովքեր ունեն հնարավորություն, միանան իմ քայլին»:

Մեկնաբանություն

Որոնում