Ձեր գովազդն այստեղ

EXCLUSIVE.«Եղել են ու կան ճնշումներ մինչ օրս, կորցրել եմ ընկերներ ու հարազատներ». Գայանե Ասլամազյանը պատմում է

  • Feb 28, 2025

«Ես անընդհատ եմ խոսում դրա մասին։ «Լեմկինի» ինստիտուտի հայտարարության մասին առաջիններից էի, ով բարձրաձայնել է: Կարիք չունեմ որևէ մեկին միանալու։ Ես արդեն 7 տարի հստակ իմ ճանապարհով գնում եմ»,- StarNews-ի հետ զրույցում ասել է ամերիկաբնակ հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը`անդրադառնալով շվեցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանն ու դրանից հետո համացանցային քննարկումներին ու հայ հայտնիների ակտիվությանը:

Գայանեն խոսեց քննադատությունների մասին: Այն հարցին`արդյոք չհասկացվելը կամ քննադատություններն ու երբեմն վիրավորանքները ինչ-որ չափով չեն ճնշում, վերջինս նշեց.

«Ոչ չեն ճնշում, որովհետև չկա այդ ճնշման մեջ ոչ՛ բանական,ոչ՛ էլ իրական ուժ»։

Մարդիկ, ովքեր խոսում են քաղաքական թեմաների մասին,քննադատվում են, չխոսողները ևս անտարբերության մեջ են մեղադրվում։ Որքանով քաղաքականության մասին խոսելն անդրադարձավ դերասանուհու վրա.

«Անմնացորդ։ Ոչ միայն դերասանուհու, նաև հաղորդավար և մարդ Ասլամազյանի վրա ազդեց»։

Դերասանուհին պատմեց, որ եղել են նաև ճնշումներ.

«Եղել են և կան, և ոչ միայն քոմենթների տարբերակով, նաև անձնական նամակներով,անգամ անձնական հեռախոսահամարով և այլն։
Մշտական ուղարկված հարձակումներ էջերիս, ստվերային բաներ և իհարկե` հստակ մտածված ստերի տարածում»։

Գայանեն նշեց, որ այս ճանապարհին ինքը հասցրել է ընկերներ ու հարազատներ «կորցնել», որոնց հետ շփումը դադարել է: Սակայն ինչպես ինքն է նշում`ափսոսանք չկա.

«Չեմ ափսոսում նիկոլական ընկեր կորցնելու մեջ։ Ափսոսում եմ, որ ժամանակին չեմ տեսել, նկատել ու հասկացել` որքան այլ արժեքներով են ապրում: Ես ընտրել եմ քննադատվելու ճանապարհը և հոգուս հետ հաշտ եմ ապրում։ Չգիտեմ ոնց կարելի է անտարբեր մնալ որդեկորույս մայրերին, տեսնել տուն և պատմություն կորցրած հայրենակիցներին,տեսնել, որ մեզ վերացնելու հստակ ծրագիր է իրականացվում: Եթե մինչև 20թվականը ներելի էր «նիկոլական» դիրքորոշումը, ապա 20թվականից հետո անգամ լռելն ու լայքերով սատարելն անգամ դժվար ընկալելի է։ Սա պարզապես տարբեր հայացքների մասին չէ։ Սա երկիր կործանելու, հայրենիք կործանելու,սերունդներ կործանելու մասին է։

Գայանեն խոսեց հայրենիքի հանդեպ զգացած կարոտի և այն մասին, թե ի՞նչը նրան մեկ օր կբերի Հայաստան.

«Հայրենիքի հանդեպ կարոտ կա, այո, անմնացորդ, ինչը չէի ասի պետության մասին: Չգիտեմ անկեղ թե ինչն ինձ կբերի հայրենիք: Այժմ`անկախ բոլոր հանգամանքներից, ցանկություն չկա գալ մի տեղ, ում բոլորին ճանաչում ես և մեծամասնությամբ ոչ միայն չես հարգում, այլ նաև մեղադրում ես ներկայիս վիճակի համար։ Իշխանափոխությունից հետո, երբ իմ բոլոր ընկերներն ու համախոհներն ազատության մեջ կլինեն, մեղավորները կլինեն մեղադրյալի աթոռին, ես կլինեմ իմ հայրենիքում:

Այն հարցին, թե որտե՞ղ է տեսնում Գայանեն այն լուսավոր կետը, որը կփոխի հայրենիքի ապագան, վերջինս նշեց.

«Միասնականի և վերագնահատման, վերաարժեքավորման մեջ։ Երեխաներին պետք են հերոսներ։ Ուսուցիչը պետք է լինի ամենաբարձր արժեքավորված անձը։ Ծրագրերը`մանկապարտեզից սկսված, պետք է փոխեն և ազգային տարրեր և հստակ գիտելիքներ ու սեր դեպի սեփական երկիր փոխանցեն։ Գիտնականներն ու արվեստագետները պետք է կարողանան իրականացնել իրենց գործը պետական մեծ աջակցությամբ։ Մայրերը պետք է ապահովված լինեն բոլոր հնարավոր միջոցներով (տուն,սովորելու հնարավորություն,ապրելու միջոցներ),իսկ երեխան պետք է լինի պետության զավակը, որպեսզի ոչ թե բեռ լինի երեխա ունենալը, այլ միայն երջանկություն և անգամ ամուսնալուծվելու ժամանակ ծնողը հոգա ծախսերը ինքնակամ և ոչ պարտադրաբար: Յուրաքանչյուր երեխա` անկախ ընտանեկան կարգավիճակից, ապահովված լինի պետության կողմից թե՛ սնունդով, թե՛ տանիքով, թե՛ սովորելու բոլոր հնարավորություններով։ Ստեղված իրավիճակում նաև հատուկ աջակցություն լինի միայնակ մայրերին։ Երևի երազանքի է նման այս ամենը,բայց դե պիտի ինչ-որ գործողություն անես, որ գոնե մի փոքր առաջխաղացում գրանցես։ Ես հավատում եմ ,որ մեր ազգի ներքին անկոտրում հայը կվերածնվի իր ազգային արժեքներով և նոր աշխարհում իր ուրույն տեղը կգրավի»։

Մեկնաբանություն

Որոնում