«Գեղո,քրդա-գնչուական խառնուրդ,սրանով ներկայացվում է հայոց մշակույթն աշխարհին».համացանցը քննադատում է

3 տարի դադարից հետո Հայաստանը կրկին մասնակցում է «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթին։ Մեր մասնակիցը՝  դերասանուհի Ադրինե Աճեմյանը, հանդես է եկել «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկայացել է Երևանյան Տարազով, որը կրել են 19-րդ դարի արիստոկրատ կանայք։ Հագուստը ստեղծել է հայտնի ոճաբան Գևորգ Շադոյանը` հատուկ Ադրինե Աճեմյանի և «Miss World» մրցույթի համար։ 

Տարազի ընտրությունը բազմաթիվ քննարկումներ է առաջացրել։ 

Պահեստազորի ավագ լեյտենանտ, ազգային զարդանախշերով հագուստների մոդելավորող-դերձակ Գոհար Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է վերահրապարակել «Միսս Երևան» ֆեյսբուքյան էջից ու գրել. «Զարմանահրաշ Երևանյան տարազը մեծ բեմերում։ Ապշում եմ ոճաբանի (Գևորգ Շադոյան-խմբ.) «գրագիտության» մակարդակի վրա։ Ես ո՞նց չէի ֆայմել նման տարազ ստեղծել։ Ու էստեղ բացի քրդա-գնչուական-տաջկական խառնուրդից Ձեր ուշադրությունն եմ հրավիրում ոտնամաններին։ 19-րդ դարի ու ժամանակակիցի հրաշալի միությունից ստացվել է այսպիսի գեղո հագուստ։

Ու սրանով ներկայացվում է հայոց մշակույթն ամբողջ աշխարհին։

Հարց` չէր լինի՞ այս աղջկան ուղարկեիք Հայաստանը ներկայացնելու` կոնկրետ Շատախի, Այրարատի, Վասպուրականի, Կարինի տարազներից որևէ մեկով բուն հայկական տարազով, հայկական ոտնամաններով։

Սա ի՞նչ է։ Ու մի հատ էլ բացատրություն են գրել, թե բա` 19-րդ դարի Երևանյան տարազ։

Փայլփլուն կտկտիկներն էլ մութ ու լույս տարիների Երևանյան ոտնամանների եզակի նմուշ։

Դուք ՀԱՅ չեք դառնա։ Աղավաղեք ինչ ունենք, ձուլեք մեր մշակույթը տաջկականի մեջ, պրծեք։ 

Ողբա՜մ մեռելոց։

Կոչե’ մ ապրողաց»։

Հավելենք, որ այս հագուկապով Հայաստանը ներկայացնող Ադրինե Աճեմյանը բեմ է բարձրացել 72-րդ Miss World գեղեցկության մրցույթի բացման արարողության ժամանակ, որը կայացել է Հնդկաստանում։