Ճանաչիր հերոսներիդ․ ով է Աթենքի մարգարիտը նվաճած հայուհին

  • Jun 03, 2024

Սարինա Քրոսը՝ Հունաստանի բազում բեմեր նվաճած և սոցիալական ցանցերում միլիոնավոր դիտումներ ունեցող այս ինքնատիպ երգչուհին, դարձել է հայ երգի դեսպանը` համաշխարհային բեմերում։

 

Այս երիտասարդ երգչուհին` ծանոթ լինելով Արևելյան երկրների մշակույթին և ունենալով 10-ից ավել լեզուներով կատարումներ, միևնույն է` իր բացառիկ հնարավորություններն օգտագործում է հայկական երաժշտությունը իր օտարալեզու լսարանին մատուցելու և հայկական մշակույթն իր ողջ հմայքով ներկայացնելու համար։

Դեռևս 2017 թվականին Սարինան հույն երաժիշտներ Կոստանտինուս և Մաթեոս Ծախուրիդիս եղբայների՝ Ռոտոս կղզում ունեցած համերգի հատուկ հյուրն էր, որտեղ կատարել է հայկական «Աշխարհում սիրել եմ քեզ», «Դլե Յաման», «Թամամ Աշխարհ», «Բինգյոլ» երգերը և հունական ու պոնտական երաժշտասերների և հազարավոր զբոսաշրջիկների ներկայացել նոր գույներով։

Սարինա Քրոսը առաջին հայ երգչուհին է, որը ելույթ է ունեցել Հրոդեոնի փառահեղ բեմից․ Հունաստանի այցեքարտ դարձած հազարամյա բեմ, որին պատվել են իրենց կատարումներով լեգենդար երաժիշտներ Ֆռենկ Սինատրան, Լուչիանո Պավարոտտին, Մարիա Կալասը և այլոք։ Առաջին անգամ Աթենքի մարգարիտը վառվեց հայ երգի լույսերով , որ պիտի գրավեր բազմահազար լսարանի սրտերը։

Երգչուհին շուտով իր մենահամերգը կունենա իր հայրենիքում` Հայաստանում:
Երգչուհին բազմաթիվ հարցազրույցներում նշել է, որ ինքը հայ է ու երբեք չի կարող մոռանալ հայրենիքը, լեզուն ու հայկական մշակույթը:

Նա խոստացել է ամեն ինչ անել, որպեսզի հայկական երաժշտությունը հնչի աշխարհի շատ բեմերից:

StarNews.am-ը շարունակելու է հետևել երգչուհու գործունեությանն, ինչպես նաև իր ընթերցողներին ներկայացնել մեր հայուհու աշխատանքները:

Մեկնաբանություն

Որոնում