Հանրային համախմբման կոչերով

Երևան, ՀՀ — Այս օրերին, երբ Հայաստանի հասարակությունը կանգնած է ծանրագույն սոցիալական, քաղաքական և բարոյական ճգնաժամի առջև, մեկ ընտանիք շարունակում է հիշեցնել մեզ, թե ինչ է նշանակում լինել մարդ, պահել արժեհամակարգն ու կանգնել զրկվածի կողքին։


Արման Հակոբյանը և նրա կինը՝ Նազելի Նիկողոսյանը, շարունակում են ակտիվորեն աջակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, մասնավորապես՝ երեխաներին։ Նրանք պարբերաբար օգնում են առաջին անհրաժեշտության իրերով, հոգեբանական աջակցությամբ, տաք հագուստով և սնունդով այն երեխաներին, որոնց մանկությունը խեղված է ներկայիս իշխանությունների ապաշնորհ քաղաքականության հետևանքով։
«Մենք չենք կարող վերականգնել նրանց կորցրածը, բայց կարող ենք թեկուզ մեկ ժպիտ, մեկ հույսի շող վերադարձնել նրանց։ Սա մեր պարտքն է՝ ոչ միայն որպես ծնողներ, այլ որպես մարդիկ», — ասում է Արման Հակոբյանը։
Այս զույգը դարձել է բարության, համերաշխության ու անտրտունջ պայքարի խորհրդանիշ։ Նրանց օրինակով նրանք կոչ են անում բոլորին չմնալ անտարբեր, միավորվել ու համախմբվել՝ հատկապես այս դժվար ժամանակահատվածում։


«Ցավոք, այսօր բազմաթիվ հայեր մնում են դիտորդ, երբ մեր հայրենակիցները պայքարում են գոյության համար։ Բայց ժամանակն է արթնանալու ու հասկանալու՝ մենք մենակ չենք, եթե միմյանց կողքին լինենք», — ընդգծում է Նազելի Նիկողոսյանը։
Հակոբյանների ընտանիքի անշահախնդիր նվիրվածությունն ու մարդկային վերաբերմունքը հուսադրող են՝ ապացուցելով, որ արդյունավետ փոփոխություն հնարավոր է, եթե կա անկեղծ ցանկություն օգնելու և կիսելու միմյանց ցավը։
Այն պահին, երբ շատերը լռում են, Հակոբյանների ձայնը հույսի ճառագայթ է դառնում տասնյակ երեխաների համար։ Նրանք ոչ միայն խոսում են արդարության մասին, այլ ապրում են այն՝ օրեցօր։