«Մի խոսքով» Հայկո․ սիրո երգիչը այսօր կդառնար 52 տարեկան․ Starnews-ի հատուկ անդրադարձը

Ապրում էր այնպես, ինչպես ստեղծագործում էր՝ լի սիրով, հույզերով, էմոցիաներով․․․ Հայկոն այսօր կդառնար 52 տարեկան։

Սիրո երգչի երկնային ծննդյան օրը Starnews.am-ը առանձնացրել է նրա մտքերից մի քանիսը, որոնք հնարավորինս բացահայտում են նրա մարդ ու արտիստ տեսակը։

«Ես, ընդհանրապես, սովորել շատ եմ սիրում: Համարում եմ, որ երբ մարդու մոտ բացակայում է սովորելու ցանկությունը, երբ նա չափից դուրս ինքնավստահ է դառնում, դա խնդիր է, նշանակում է, որ մոտենում է փակուղու, որ նրա մոտ ամեն ինչ ավարտված է: Ինքս սովորում եմ թե՛ փորձառու պրոֆեսիոնալներից, թե՛ երիտասարդներից, որոնք տաղանդավոր են»։

«Ես միանգամից բռնում եմ կեղծը, կլինի դա երաժշտության մեջ, թե մարդկային հարաբերություններում»։

«Չեմ սիրում վիճել ոչ մեկի հետ եւ ոչ մի դեպքում, հատկապես կնոջ հետ: Սիրում եմ հասկանալ, զիջել, ներել. երեւի թե դա է կյանքի իմաստը»:

«Այժմյան շոու-բիզնեսում գերակա ոճն ինձ հոգեհարազատ չէ: 1997-2006 թթ. շատ գեղեցիկ կերպով ձեւավորվել էր էստրադային ժանր, որը հետո աղավաղվեց, փչացավ, բայց ես հուսով եմ, որ նոր դեմքերը, որոնք գալիս են, կլինեն ռոք, դասական երաժշտություն, թե ազգային երգեր ներկայացնողներ, կփոխեն ամեն ինչ, դրական տեղաշարժ կանեն»:

Հայկոն մահացավ 48 տարեկան հասակում՝ 2021 թվականի սեպտեմբերի 29-ին, կորոնավիրուսի հետևանքով: