«Հիասթափվել եմ այսօրվա անփույթ կառավարման ձևից». Հովհաննես Ազոյանը՝ իշխանությունների և մեկուսանալու մասին

Մհեր Բաղդասարյանի «Tete A tete» հաղորդման հերթական հյուրը դերասան Հովհաննես Ազոյանն է։ 

Դերասանը զրույցի ընթացքում խոսել է հեռուստատեսությունից հեռանալու և քաղաքական հայացքների համար քննադատվելու մասին։ 

«Պատերազմի արհավիրքից հետո հօդս ցնդեցին այն բոլոր սպասելինքները, որ ունեի և ինչով ուզում էի զբաղվել։ Կարելի է ասել՝ մեկուսացել եմ։ Պատերազմը ինձ համար շոկ էր և ընդհանրապես պետք էր այնպես անել, որ պատերազմ չլիներ, ցավոք սրտի, այս իշխանությունը դա անել չկարողացավ։ 

Ես քաղաքականության մեջ հայտնվեցի 2008 թվականի մարտի 1-ից հետո, մենք հումորով էինք զբաղվում և փողոց դուրս եկած մարդիկ ինձ մեղադրում էին, որ մենք չենք տեսնում, թե երկրում ինչ է կատարվում և զբաղվում ենք կլոունադայով։ Սկսեցի հետաքրքրվել, ռեալ քաղաքական կողմնորոշում չունեի մինչև այդ պահը , երբ քաղաքական հարց լուծելու համար մի խումբ հանցագործներ գնդակահարեցին մարդկանց։ Դա կարմիր գիծ էր և ես հույս ունեի, որ կլինի հեղափոխություն, և այդ արարաքը կդատապարտվի։ 2018-ին բոլորիս հույսերն այնպիսինն էր, որ դրանից հետո մեր սոցիալական, քաղաքական կյանքում կոնտրաստը մեծ կլինի, այնինչ այդքան էլ մեծ չի, հիասթափությունս դա է։ 

Պարզապես հիասթափվել եմ այսօրվա անփույթ կառավարման ձևից, հիասթափվել եմ, քանի որ ՔՊ-ում կան մարդիկ, ովքեր չեն կրում հեղափոխական արժեքներ։ Դրանք միջին և ցածր օղակների մարդիկ են, ովքեր նաև պետական կառավարման մեջ են։ Նրանք թաքնվում են Նիկոլ Փաշինյանի հետևում և կատարում են իրենց զանցանքներն ու հանցանքները։

«ՔՊ»-ն այսօր որդեգրել է ջայլամի քաղաքականություն, այն խնդիրները, որոնք բարձրացնում եմ, պատասխան չեն ստանում, արձագանքում են այն խնդիրներին, որոնց ցանկանում են։ Ինձ անհանգստացնում է ոչ էֆեկտիվ կառավարումը, ֆինանսների վատնումը։ Այս իշխանությունը կորցնելու է իր իշխանությունը ներքին սոցիալական խնդիրների պատճառով, բայց չգիտեմ՝ դա երբ է լինելու։ Ես կայացված արտաքին որոշումներից գոհ եմ և կարծում եմ, որ խնդիրը ներքին՝ սխալ քաղաքականության մեջ է»։