Բժշկական սխալ և վիրահատություններ․ Արեգ Գալստյանը՝ հաղթանակի և դժվար պահերի մասին

Օրեր առաջ «Tete A Tete» հաղորդման հյուրն էր «Հայ Սուպերսթար 6» նախագծի հաղթող Արեգ Գալստյանը։
Զրույցը բազմաբովանդակ ու անկեղծ էր․ Արեգը խոսեց իր մանկությունից, ընտանիք կազմելու մտքերից, նախագծում տարած հաղթանակից, ապագայի ծրագրերից, սակայն հաղորդման ամենահուզիչ ու խորքային հատվածներից մեկը վերաբերում էր նրա տեսողության առանձնահատկությանը։
Արեգը պատմեց, որ դեռ 6 ամսականում ծնողները նկատել են տեսողական խնդիրը և սկսել են քայլեր ձեռնարկել այն բարելավելու ուղղությամբ։ Տարիների ընթացքում նա անցել է բազմաթիվ վիրահատությունների միջով, սակայն ավելի հասուն տարիքում արդեն պարզ է դարձել, որ տեսողության էական բարելավման հույսը շատ փոքր է։
Այնուամենայնիվ, Արեգ Գալստյանը նշում է, որ աշխարհը ճանաչելու համար միայն տեսողությունն անհրաժեշտ չէ․
«Աշխարհը տեսնելու և զգալու համար մյուս զգայարաններն էլ շատ կարևոր են։ Դրանք նույնպես հնարավորություն են տալիս ճանաչել կյանքը»։
Երգչի խոսքով՝ արվեստում առավել կարևոր են զգացողությունն ու ներքին տեսողությունը․
«Երգիչ լինելու համար միշտ չէ, որ աչքեր են պետք»։

Հաղորդման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև բժշկական սխալի թեմային։ Հարցին՝ արդյոք պատասխանատվության ենթարկվել են այն բժիշկները, որոնց գործողությունների արդյունքում տեղի է ունեցել տվյալ դեպքը, Արեգը պատասխանեց.
«Չէ… մենք չկարողացանք, չստացվեց լիարժեք ապացուցել, որ մեղավորությունը իրենցն է…»։
Հարցին, թե ում կամ ինչն է ամենաշատը ցանկանում տեսնել, Արեգի պատասխանը խորապես հուզիչ էր․
«Ամենաշատը կուզենայի տեսնել հենց հիմա այն մարդկանց, ովքեր այս ընթացքում տառապել են ինձնից ավելի շատ։ Խոսքը իմ ծնողների մասին է։ Ես հաստատ համոզված եմ, որ իմ ծնողներից շատ չեմ տառապել»։
Արեգ Գալստյանի պատմությունը ևս մեկ անգամ վկայում է, որ իրական ուժը ծնվում է ընդունումից, իսկ արվեստը՝ ներքին լույսից։ Նրա խոսքերն ու փորձառությունը ոգեշնչում են՝ հիշեցնելով, որ երաժշտությունը տեսնելու չէ, այլ զգալու արվեստ է։


















