«Հայաստանի ձայնը» երկրորդ եթերաշրջանի հաղթող Աննա Խանչալյանը․ որտեղ է այսօր և ինչով է զբաղվում․ Բացառիկ

«Հայաստանի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանի հաղթողը Աննա Խանչալյանն էր։ Մրցույթը անցկացվել է 2013–թվականին և լայն արձագանք ստացել երաժշտասեր հասարակության շրջանում։
Աննան նախագծի սկզբում ընդգրկված էր Հայկոյի թիմում, սակայն մենամարտ փուլում Հայկոն առաջնայնությունը տվել է Արմեն Հովհաննիսյանին։ Մրցույթի կանոնների համաձայն՝ Քրիստինե Պեպելյանը «գողացել» է Աննային, և նա մրցութային պայքարը շարունակել է արդեն նրա թիմում՝ ի վերջո դառնալով հաղթող։

Հիշեցնենք, որ Աննա Խանչալյանը դեռ 2011 թվականին հաղթել է նաև «Մանկական Եվրրատեսիլ» երգի մրցույթում՝ ներկայացնելով Վրաստանը։

Երգչուհին ծնունդով Վրաստանից է և երկար ժամանակ ապրել ու կրթություն ստացել այնտեղ։
«Հայաստանի ձայնը» նախագծում հաղթելուց հետո Աննան որոշում է երաժշտական կրթությունը շարունակել Հայաստանում՝ Վրաստանից տեղափոխվելով Երևան։ Սակայն կրթական պարտավորությունները և քննություններին պատրաստվելու անհրաժեշտությունը նրան ստիպում են որոշ ժամանակով վերադառնալ Վրաստան, ինչի հետևանքով նա հրաժարվում է բազմաթիվ համերգային առաջարկներից։

Տարիներ առաջ asekose.am-ի հետ զրույցում Աննա Խանչալյանը անկեղծորեն նշել էր. «Ասում են՝ երգիչը պետք է չկորի, բայց ինձ մոտ չստացվեց։ Մրցույթի ընթացքում Երևանում լինելով՝ Վրաստանում կիսատ էի թողել կրթությունս, և քանի որ արդեն որոշել էի կրթությունս շարունակել Երևանում, ստիպված էի վերադառնալ Վրաստան՝ պարապելու ու քննությունները հանձնելու համար։ Այդ ընթացքում համերգային շատ առաջարկներից հրաժարվեցի։ Արդյունքում ստացվեց, որ նախագծից հետո ես լռեցի՝ այն ժամանակ, երբ պետք է ակտիվ գործունեություն ծավալեի»։

Ներկայումս Աննա Խանչալյանը ամուսնացած է, ապրում է Եվրոպայում, ակտիվ երաժշտական գործունեություն չի իրականացնում և սոցիալական հարթակներում հաճախ կիսվում է իր կյանքի լուսավոր պահերով՝ ճամփորդություններով սիրելի ամուսնու հետ։