Բեմից այն կողմ. Ինչո՞վ են զբաղվում հայ հայտնիները ազատ ժամանակ

Հայկական շոու-բիզնեսում այսօր միայն երգելով կամ նկարահանվելով սահմանափակվելը քչերին է բավարարում։ Շատերը փորձում են սեփական փոքրիկ գործը դնել, որպեսզի բեմական դադարների ժամանակ զբաղմունք ու լրացուցիչ եկամուտ ունենան։
Սիրուշոն ստեղծեց «Pregomesh»-ը՝ փորձելով թրենդային դարձնել արծաթյա զարդերը:

Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը բացեցին իրենց երաժշտական ստուդիան («Mihran Arpi Studio»), որտեղ երեխաները սովորում են երգել ու աշխատել ձայնագրման ստուդիայում։

Շատերի համար սեփական անունը դարձել է հենց այն գովազդը, որով առաջ են տանում իրենց ստեղծածը։ Անահիտ Սիմոնյանը արդեն տևական ժամանակ զբաղվում է իր նորաձևության տնով, որտեղ հագուստներ են կարվում տարբեր առիթների համար, իսկ Սոնա Եսայանը իր սիրելի պարը վերածեց ստուդիայի, որտեղ հիմա թե՛ մեծերը, թե՛ փոքրերը կարող են պարել սովորել։

Հումորի ոլորտի տղաներն էլ հետ չեն մնում. Գրիգ Գևորգյանը զբաղվում է սթենդ-ափների կազմակերպմամբ ու պրոդյուսինգով, իսկ Գոռ Հակոբյանը նորից ակտիվացրել է իր «Անտիվիրուս» նախագիծը, որով ժամանակին սկսել էր իր ճանապարհը։ Սա պարզապես ցույց է տալիս, որ մեր արտիստներն էլ են փորձում գտնել իրենց տեղը բիզնեսում ու ստեղծել մի բան, որն իրենց սրտով է ու կապված է իրենց մասնագիտության հետ։


















