Կարեն Ջալավյանը դատի է տվել Ռոման Բաղդասարյանին․ պահանջում է հրապարակային հերքում և փոխհատուցում․ Բացառիկ

Արցախի Պաշտպանության բանակի «Եղնիկներ» զորամասի հրամանատար Կարեն Ջալավյանը (Քյոխ) փետրվարի 26-ին քաղաքացիական հայց է ներկայացրել բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ։ Ջալավյանը պահանջում է հրապարակային հերքում և 500.000 դրամ փոխհատուցում։
Հայցը վերաբերում է 2026 թվականի փետրվարի 5-ին Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումներին, որտեղ նա պնդել էր, թե Ջալավյանը զինվորներից գողացել է սնունդ, նրանց պահել առանց ջրի, «Եղնիկներ» զորամասում նվաստացրել և սովի մատնել զինվորներին, ինչպես նաև իբր ատել է Հայաստանից եկած զինվորներին։
Ջալավյանը պահանջում է, որպեսզի Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջերում հրապարակային տեսաուղերձ և գրավոր հայտարարություն տարածի՝ նշելով, որ իր տարածած տեղեկությունները սուտ են և չեն համապատասխանում իրականությանը։ Ըստ հայցի՝ հերքումը պետք է պահպանվի էջերում անժամկետ և լինի հանրամատչելի։
«Դատալեքս» համակարգում գործի քննության ժամկետների վերաբերյալ առայժմ տեղեկություններ չկան։
Հիշեցնենք, որ նախկինում ևս արցախցիները դատական գործընթացներ են նախաձեռնել Ռոման Բաղդասարյանի դեմ։ Անցած տարվա ապրիլին «Արցախի միություն» կազմակերպությունը հայց էր ներկայացրել նրա դեմ՝ «Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային խոսքի» հոդվածով։ Այդ ժամանակ Դատախազությունը հաստատել էր, որ հաղորդումն ընդունվել է վարույթ, հարուցվել է քրեական գործ, սակայն մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չի եղել։
Նյութը վերցված է CivilNet -ից։

















