«Շնորհավոր ծնունդդ, գուսան»․ Արամ Ասատրյանի ընտանիքի հուզիչ շնորհավորանքները

Հայկական երգարվեստի լեգենդ Արամ Ասատրյանի երկնային ծննդյան օրը նրա ընտանիքի անդամները հուզիչ գրառումներով ու տեսանյութերով հիշել են սիրված գուսանին։

Թոռնիկը՝ Գրիշա Ասատրյանը, հրապարակել է հոլովակ, որտեղ կատարում է պապիկի երգերից մեկը և գրել. «Շնորհավոր ծնունդդ, գուսան»։

Երգչի դուստրը՝ Զվարթ Ասատրյանը, կիսվել է հուզիչ խոսքերով.
«Այսօր քո տարեդարձն է, պապ․․․ Ու որքան կուզեի, որ այսօր նստեինք նույն սեղանի շուրջ, ժպտայիր, խոսեիր, երգեիր ու ես քեզ գրկեի։ Դու իմ կողքին չես, բայց ապրում ես իմ սրտում, իմ խոսքերում, իմ հիշողություններում։ Շնորհավոր տարեդարձդ երկնքում․ Ես քեզ շատ եմ սիրում ու շատ եմ կարոտում»։

Որդիներից Արտաշ Ասատրյանը գրել է. «Շնորհավոր ծնունդդ, Գուսան ջան»։

Մյուս որդին՝ Տիգրան Ասատրյանը, ավելի ծավալուն գրառում է կատարել՝ ընդգծելով հոր երաժշտական մեծ ժառանգությունը և նրա թողած անջնջելի հետքը աշխարհում։ Նա նշել է, որ թեև հայրը վաղ է հեռացել կյանքից, նրա ստեղծած արվեստը հավերժ կապրի և կշարունակի ոգեշնչել գալիք սերունդներին։

Արամ Ասատրյանի ընտանիքի անդամների խոսքերը ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ լեգենդար երգչի հիշատակը ոչ միայն երաժշտության մեջ է ապրում, այլև նրա հարազատների սրտերում։