Ինչու Էլիզ Մելիքյանի hուզիչ ու ջերմ խոսքերը անպատասխան մնացին. Քույրերը շարունակում են չհետևել իրար սոց. հարթակներում

Հանրության ուշադրության կենտրոնում հայտնված Էլիզ Մելիքյանի և նրա քրոջ՝ Ստելլայի հարաբերությունները կրկին քննարկումների առիթ են դարձել։ Չնայած Էլիզի կողմից հրապարակված ջերմ շնորհավորանքին՝ քույրերի միջև առկա սառնությունը դեռևս ակնհայտ է սոցիալական ցանցերում:
Էլիզ Մելիքյանը քրոջ 17-ամյակի առթիվ կիսվել էր անկեղծ ու զգացմունքային գրառմամբ: Նա նշել էր, որ Ստելլան իր կյանքի ամենահարազատ մարդն է, և անկախ դժվարություններից՝ նրանք միշտ ունեն միմյանց. «Դու իմ կյանքում ամենահասկացող ու ամենահարազատ մարդկանցից ես… ինչ էլ լինի, մենք ունենք իրար»:
Սակայն այս ջերմ խոստովանությունը, կարծես թե, մնացել է անպատասխան։ Starnews.am-ի դիտարկմամբ՝ քույրերը շարունակում են չհետևել միմյանց Ինստագրամում, ինչը լրացուցիչ հարցեր է առաջացնում նրանց իրական հարաբերությունների մասին: Լրատվամիջոցը փորձել է պարզաբանում ստանալ անձամբ Էլիզ Մելիքյանից, սակայն բլոգերը հրաժարվել է պատասխանել հարցմանը:
Ընտանիքում հնարավոր խնդիրների մասին խոսակցություններն սկսվել էին դեռ ամիսներ առաջ, երբ Էլիզը որոշեց առանձին բնակություն հաստատել: Թեև երգիչ Արամեի խնամակալության տակ գտնվող աղջիկները սկզբից ևեթ սիրվել են հանրության կողմից, այսօր նրանց միջև առկա հնարավոր վեճը դարձել է ամենաքննարկվող թեմաներից մեկը: Այս պահին հանելուկ է մնում՝ արդյո՞ք սա ընդամենը ժամանակավոր տարաձայնություն է երկու հարազատների միջև, թե՞ ավելի խորը ընտանեկան խնդիր, որը կողմերը նախընտրում են չհանրայնացնել:

















