«Մենք չենք մասնակցելու նման ոչ պրոֆեսիոնալ միջոցառման»․ «Խազերը»-ից հրաժարվող աստղերը ավելանում են․ ԲԱՑԱՌԻԿ

Հայկական շոուբիզնեսում լուրջ աղմուկ է բարձրացել «Խազեր» երաժշտական մրցանակաբաշխության շուրջ։ Ժամեր առաջ հրապարակվեցին մրցանակաբաշխության անվանակարգերն ու առաջադրված արտիստների անունները, սակայն դրանից հետո սկսվեց այն, ինչ քիչ քչերն էին սպասում․ հայտնի երգիչներն ու երգչուհիները մեկը մյուսի հետևից հայտարարում են, որ հրաժարվում են մասնակցել միջոցառմանը։

Առաջիններից մեկը, ով հրապարակավ հայտարարեց իր որոշման մասին, երգչուհի Իվետա Մուկուչյանն էր։ Նա ընդգծել է, որ վաղուց արդեն հստակ որոշում ունի չմասնակցելու մրցանակաբաշխությանը և այդ մասին բազմիցս տեղեկացրել է կազմակերպիչներին՝ թե բանավոր, թե գրավոր ձևով։

«Ես «Խազեր» մրցանակաբաշխությանը չմասնակցելու հստակ որոշում ունեմ, որի մասին ես և իմ թիմը բազմիցս հայտնել ենք կազմակերպիչներին։ Ավելին՝ պահանջել եմ, որ իմ անունը չօգտագործվի որևէ անվանակարգում կամ դրան վերաբերող արշավներում։ Ցավոք, իմ որոշումը անտեսվել է»,– նշել է երգչուհին՝ հավելելով, որ իր համար ամենակարևոր գնահատականը հանդիսատեսի սերն է։



Մրցանակաբաշխությանը մասնակցելուց հրաժարվել է նաև երգչուհի Բրյունետը։ Նրա խոսքով՝ իր անունը հայտնվել է թեկնածուների ցանկում առանց իր թույլտվության։

«Ես այս տարի և այսուհետ չեմ մասնակցում ոչ մի մրցանակաբաշխության։ Իմ անունը հայտնվել է թեկնածուների ցանկում առանց իմ թույլտվության։ Միակ ճանաչումը, որն ինձ համար կարևոր է, դուք եք՝ մարդիկ, ովքեր լսում են իմ երաժշտությունը»,– գրել է նա։


Նույն դիրքորոշումն ունի նաև երգիչ Արամեն։ Նա ևս զարմանք է հայտնել, որ իր անունը ներառվել է անվանակարգում, չնայած իր խնդրանքին։

«Ես հստակ խնդրել եմ իմ անունը չներկայացնել որևէ անվանակարգում։ Շատ զարմացած եմ, որ նրանք չլսեցին իմ խնդրանքը։ Ես չեմ մասնակցելու այդ համերգին»,– գրել է երգիչը։


Մրցանակաբաշխության հասցեին առավել կոշտ հայտարարությամբ է հանդես եկել երգիչ Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմին Մովսիսյանը։ Նա նշել է, որ առանց արտիստների կամ նրանց մենեջմենթի համաձայնության՝ անվանակարգերում ներառվել են Ռազմիկ Ամյանի և Սարո Թովմասյանի անունները։

«Բնականաբար, մենք չենք մասնակցելու նման ոչ պրոֆեսիոնալ միջոցառմանը։ Եթե որևէ կերպ մեր արտիստների հաղթանակ հայտարարվի, այդ մրցանակը մեր կողմից չի ընդունվելու»,– նշել է նա՝ հավելելով, որ ցավալի է, որ Հայաստանում մրցանակաբաշխությունների մշակույթը դեռ չի ձևավորվել։


Թեմային անդրադարձել է նաև երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը։ Նա խոստովանել է, որ մեծ հիասթափություն է ապրել և հայտարարել է, որ դուրս է գալիս Հայաստանի Ազգային Երաժշտական Ակադեմիայի կազմից։

«Դուք եք իմ ամենամեծ ուժը, սերը ու մոտիվացիան։ Ես պաշտոնապես դուրս եմ գալիս Հայաստանի Ազգային Երաժշտական Ակադեմիայի կազմից»,– գրել է երգչուհին։


Մրցանակաբաշխության շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև հաղորդավար Մհեր Բաղդասարյանը՝ բարձրացնելով մի շարք հարցեր։ Նա նշել է, որ տարվա ընթացքում մեծ աշխատանք կատարած երգչուհի Տաթև Ասատրյանը ընդգրկվել է միայն մեկ անվանակարգում, ինչը, նրա խոսքով, տարակուսանք է առաջացնում։


Այս ամենից հետո «Խազեր» մրցանակաբաշխության շուրջ քննարկումները սոցիալական ցանցերում չեն դադարում։ Շատերը փորձում են հասկանալ՝ ինչու են արտիստների անունները հայտնվել անվանակարգերում առանց նրանց համաձայնության և արդյոք կազմակերպիչները կարձագանքեն ստեղծված աղմուկին։
Մի բան հստակ է՝ այս տարվա «Խազեր» մրցանակաբաշխությունը արդեն իսկ հայտնվել է սկանդալի կենտրոնում, և աստղերի բոյկոտը շարունակում է մեծանալ։