Նրանք հեռացել են, բայց նրանց ձայնը շարունակում է ապրել․ հայ լեգենդներ, որոնց երբեք չենք մոռանա․ Բացառիկ

Շառլ Ազնավուրը, աշխարհահռչակ շանսոնյեն, ով իր երգերով նվաճեց միլիոնավոր սրտեր։ Նրա յուրաքանչյուր կատարում՝ լի զգացմունքով ու խորությամբ, մինչ այսօր շարունակում է ապրել բեմերում ու մարդկանց հոգում։ Շառլ Ազնավուրը հեղինակել է շուրջ 1200 երգ և գրեթե նույնքան էլ համահեղինակել տարբեր լեզուներով։

Չնայած նրան, որ նա երկար տարիներ ապրել է Հայաստանից դուրս, նրա ներդրումը հայրենիքի համար անգնահատելի է։ Ազնավուրը ոչ միայն իր արվեստով, այլև որպես իսկական հայ, Հայաստանը ներկայացրել է բազմաթիվ միջազգային հարթակներում՝ դառնալով մշակութային ու դիվանագիտական յուրօրինակ կամուրջ։ Նրա երգարվեստը գնահատվում է ոչ միայն Հայաստանում և Ֆրանսիայում, այլև ողջ Եվրոպայում և աշխարհում։ Նա ֆրանսերենով երգող ամենահայտնի կատարողներից է, ով վաղուց դարձել է լեգենդ։


Արամ Ասատրյանը երգել սկսել է դեռ մանկուց՝ աստիճանաբար դառնալով հայկական երաժշտարվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։ Նա ավելի քան 500 երգերի հեղինակ է, որոնք մինչ օրս սիրվում ու հնչում են տարբեր սերունդների կողմից։

Նրա ձայնը՝ անմիջական, ջերմ ու անկեղծ, կարողանում է անմիջապես հասնել մարդկանց սրտերին։ Արամ Ասատրյանի երգարվեստը վաղուց դուրս է եկել Հայաստանի սահմաններից․ նա ելույթներով հանդես է եկել Ասիայի, Եվրոպայի և ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում՝ արժանանալով մեծ սիրո և ճանաչման։

Նրա ժառանգությունը միայն ստեղծագործական չէ․ այն շարունակվում է նաև ընտանիքում։ Նրա որդիներն ու թոռները ևս ընտրել են երաժշտության ճանապարհը՝ շարունակելով մեծ արվեստագետի գործը և պահելով նրա անունը կենդանի։

Հայկոն՝ հայկական ժամանակակից փոփ երաժշտության ամենասիրված և ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը ոչ միայն երգում էր, այլև՝ ստեղծագործում որպես կոմպոզիտոր։ Նա կանգնած է բազմաթիվ հիթերի ստեղծման հիմքում։

Նրա երգերը՝ լի սիրով, զգացմունքով ու նրբությամբ, արագորեն գտան իրենց տեղը մարդկանց սրտերում և մինչ այսօր շարունակում են հնչել ամենուր։ Հայկոյի ստեղծագործությունները առանձնանում էին իրենց մեղեդայնությամբ և խորությամբ, ինչը նրան դարձրեց իր սերնդի ամենատարբերվող արվեստագետներից մեկը։

Նա իր արվեստով կարողացավ միավորել տարբեր սերունդների՝ թողնելով հարուստ երաժշտական ժառանգություն, որը շարունակում է ապրել անգամ նրա բացակայության մեջ։