«Ինքս ինձ սիրել եմ սովորում ամեն օր». Մհեր Բաղդասարյանը անկեղծ խոսել է իր բարդույթների ու ներքին պայքարի մասին

«O sole mio» հաղորդման հերթական թողարկման հյուրն էր Մհեր Բաղդասարյանը, ով զրուցել է մի շարք անձնական և կարևոր թեմաների շուրջ։ Զրույցին հետևել է նաև StarNews-ը։

Հաղորդման ընթացքում Մհերը բաց խոսել է հոգեբանական խնդիրների, ներքին բարդույթների և ինքնաճանաչման ճանապարհի մասին։ Նրա խոսքով՝ այդ ճանապարհին մեծ դեր ունի Արա Ղազարյանը, ով զգալի ազդեցություն է ունեցել իր մտածելակերպի և ինքնընկալման վրա։

Մհերը նշում է, որ շատերի համար Արան կարող է թվալ չափազանց էմոցիոնալ և վառ անհատականություն, սակայն իրականում, ավելի մոտիկից ճանաչելով նրան, բացահայտվում է նրա ադեկվատությունն ու խորությունը։ Դերասանի խոսքով՝ հենց Արան է օգնել իրեն ավելի սթափ ու գիտակցված վերաբերվել կյանքին։

Նա ընդգծում է, որ Արա Ղազարյանի ամենամեծ ազդեցություններից մեկը եղել է իրեն օգնել սովորել սիրել ինքն իրեն։ «Ինքը ինձ շատ է օգնում ճանաչել ինքս ինձ, մի փոքր ավելի հանդուրժող լինել ինքս ինձ նկատմամբ»,- խոստովանել է Մհերը։

Խոսելով իր հոգեբանական դժվարությունների մասին՝ Մհեր Բաղդասարյանը չի թաքցրել, որ մինչ օրս աշխատում է դրանց հաղթահարման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ դա շարունակական գործընթաց է, որի ընթացքում ամեն օր փորձում է ավելի լավ հասկանալ ու ընդունել իրեն։

«Ես ապրում եմ ամեն օր այդ խնդիրները լուծելով, ինքս ինձ սիրելով»,- նշել է նա՝ ընդգծելով, որ ինքնաճանաչման և ինքնասիրության ճանապարհը հեշտ չէ, սակայն կարևոր է յուրաքանչյուրի համար։